‘Ղրղզստանի հանրությունը կոչ է անում քաղաքական ապաստան տրամադրել Սնոուդենին’

936

Ղրղզստանի «Ֆինանս» հասարակական կազմակերպությունը նախաձեռնությամբ է հանդես եկել՝ քաղաքական ապաստան տրամադրել ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին, այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է շարժման ղեկավար Չինգիզ Բոլոտբեկովը: «Մեր հանրապետություննն ազատ է և ժողովրդավարական, մենք Սնոուդենին չենք հանձնի ԱՄՆ-ին»,-  հայտարարել է նա և հիշեցրել, որ Ղրղզստանն ու ԱՄՆ-ը հանցագործներին արտահանձնելու վերաբերյալ պայմանագիր չունեն: Հասարակական կազմակերպության ղեկավարը նշել է, որ Սնոուդենին ապաստան տրամադրելը կարող է դառնալ պատասխան՝ ԱՄՆ-ի իշխանություններին, որոնք քրեական հետապնդումից ազատեցին Ղրղզստանի փախած նախագահ Բակիևի որդուն:

Հիշեցնենք, որ Ղրղզստանի շրջանային դատարանը մարտ ամսին հեռակա կարգով Մաքսիմ Բակիևին դատապարտել էր 25 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի բռնագրավմամբ՝ կոռուպցիայի և պետության շահերը ոտնահարող պայմանագրեր կնքելու համար: Մաքսիմ Բակիևն անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի հայտով ձերբակալվել էր  Լոնդոնում, որտեղ 2010 թ. պետական հեղաշրջումից հետո թաքնվում էր ղրղզական իրավապահ մարմիններից: ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը նրան մեղադրանք էր ներկայացրել արժեթղթերի հետ կապված մեքենայությունների և արդարադատությանը խոչընդոտելու համար, սակայան հետագայում հրաժարվեց մեղադրանքից՝ «ապացույցների անբավարարության» պատճառաբանությամբ:

Ի դեպ,  նախնական տվյալներով՝ դեռևս Մոսկվայի «Շերեմետևո» օդնավակայանի տարանցիկ գոտում գտնվող Սնոուդենին քաղաքական ապաստան  տրամադրելու պատրաստակամություն են հայտնել նաև Նիկարագուայի, Բոլիվիայի և Վենեսուելայի ղեկավարները, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սիրիացիներին կոչ է անում զենքը վայր դնել Ռամազանի ընթացքում’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Վրաստանը բարեփոխումներ էր արտահանում, ու դա փորձում են ոչնչացնել’