‘
Ղրղզստանում մուֆթի Ռախմանթուլլա Էգեմբերդիևը հրաժարական է տվել իր մասնակցությամբ սեքս-սկանդալի պատճառով, հաղորդել է «Ազատություն ռադիոկայանի» տեղական ծառայությունը:
Էգեմբերդիևի շուրջ սկանդալը ծավալվել է հունվարի սկզբին, երբ համացանցում է հայտնվել ինտիմ բովանդակությամբ մի տեսահոլովակ՝ մուֆթիի և երիտասարդ մի կնոջ մասնակցությամբ: Ենթադրաբար՝ տեսագրությունը կատարվել է թաքնված տեսախցիկով: Հոգևոր առաջնորդն ինքը հետագայում հաստատել է, որ տեսաերիզում հենց ինքն է, իսկ ինչ վերաբերում է կնոջը, ապա նրան անվանել է իր երկրորդ կինը և հավաստիացրել, որ իր ընտանեկան կյանքը «համապատասխանում է մեր ավանդույթներին և շարիաթին»:
Հարկ է նշել, որ Ղրղզստանում բազմակնությունը պաշտոնապես արգելված է և քրեորեն պատժվում է: Ինչպես նշել է «Ազատություն» ռադիոկայանը, այն երկրներում, որտեղ բազմակնությունն անօրինական է, տղամարդիկ հատուկ ծիսակարգով կարող են ամուսնանալ լրացուցիչ կանանց հետ:
Սկանդալի մեղքը Էգեմբերդիևը վերագրել է բարձրաստիճան պաշտոնյաներին: «Այդ տեսագրությունը մեր քաղաքական գործիչների ամենակեղտոտ և արգահատելի արարքն է»,- հայտարարել է նա:
Ղրղզստանում վերջին չորս տարիների ընթացքում հինգ մուֆթի է փոխվել: Էգեմբերդիևի նախորդը հրաժարական էր տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով, փոխանցում է lenta.ru-ն:
‘