‘Ճանապարհ դեպի Բրազիլիա. Հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’

1363

Իհարկե, հայ ֆուտբոլասերների համար օրվա կարևորագույն իրադարձությունը Հայաստան — Մալթա հանդիպումն է: Այս խաղում մեր ֆուտբոլիստները պարտավոր են 3 միավոր վաստակել եվրոպական ֆուտբոլային գաճաճ ազգային հավաքականներից մեկի դեմ խաղում: Մալթայի դեմ խաղից ընդամենը 4 օր հետո մեզ սպասվում է ավելի հետաքրքիր դիմակայություն դանիացիներին, երբ ավելի պարզ կերևա, թե ինչ վիճակում է մեր ազգային հավաքականը: Իսկ հիմա անդադառնանք ԱԱ 2014-ի ընտրական մրցաշարում այսօր տեղի ունենալիք կարևոր հանդիպումներին, որոնք կարող են վճռորոշ դառնալ Բրազիլիա որակավորվելու համար:

Ավստրիա – Շվեդիա, ժ. 22:45

Հայտնվելով գերմանացիների այս հավաքականի հետ միևնույն խմբում՝ միամտություն կլիներ մտածել խմբում առաջին հորիզոնականի մասին: Սա վերաբերում է երևի թե բոլոր եվրոպական ազգային հավաքականներին, բացառություն կարելի է համարել միայն իսպանացիներին կամ իտալացիներին: Այս պահին C խումբը 16 միավորով գլխավորում է Գերմանիան, իսկ Իռլանդիան, Ավստրիան և Շվեդիան հավաքել են 8-ական միավոր: Իռլանդացիներն այսօր վստահաբար կվաստակեն հերթական 3 միավորը Ֆարերյան Կղզիների դեմ խաղում, իսկ ավստրիացիները, ի տարբերություն շվեդների անցկացրել են 5 հանդիպում, և եթե այսօր միավորներ կորցնեն, կարող են մոռանալ երկրորդ տեղի մասին: Շատ բան կախված կլինի Մարտին Հարնիկի և ՉԼ գավաթը նվաճած Դավիդ Ալաբայի մարզավիճակից, ում հավաքականում օգտագործում են որպես կիսապաշտպան: Իբրահիմովիչի և խաղընկերների համար Ավստիայում ոչ-ոքին ընդունելի արդյունք կլինի, քանի որ 4 օրից նրանց ևս 3 միավոր է սպասվում Ֆարերյան Կղզիների դեմ խաղում:

Չեխիա – Իտալիա, ժ. 22:45

Չեխերին Հայաստանի հավաքականի դեմ տարած հաղթանակը մեծապես օգնեց կարգավորել խմբային դասավորվածությունը, և այժմ չեխերը ընդամենը 2 միավորով են ետ մնում բուլղարացիներից: Հյուրերի կազմում հանդիպումը կարող են բաց թողնել «Յուվենտուսի» առաջատարներ Անդրեա Պիրլոն և Անդրեա Բարձալյին, որոնց Պրանդելին կարող է պահպանել Կոնֆեդերացիայի գավաթի համար: Խնդրահարույց է նաև առջևում Բալոտելլիի խաղընկերոջ հարցը, Էլ Շարավին վնասվածքով է, իսկ Ջիլարդինոն կամ Ջովինկոն անհրաժեշտ մարզավիճակում չեն: Ինչ վերաբերում է տանտերերին, ապա Բիլեկը իր տրամադրության տակ ունի բոլոր այն խաղացողներին, ովքեր Երևանում 0-3 հաշվով հաղթեցին մեր ազգային հավաքականին:

Պորտուգալիա – Ռուսաստան, ժ. 23:45

Ֆաբիո Կապելլոյի թիմը, 4 խաղից հետո վաստակելով 12 միավոր, գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը, այն դեպքում, երբ պորտուգալացիներն ու իսրայելցիները անցկացրել են 6-ական հանդիպում: Վերջին Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերը վերհիշելով՝ կարելի է ենթադրել, որ պորտուգալացիները ամեն դեպքում կկարողանան նվաճել Բրազիլիայի ուղեգիր, բայց Ռոնալդուի և իր խաղընկերների համար ցանկալի է դա անել առանց որակավորման հանդիպումների, որտեղ նրանց կարող են բաժին հասնել Ֆրանսիայի, Անգլիայի կամ Խորվաթիայի հավաքականները: Ռուս երկրպագուներն էլ հուսով են, որ Կապելլոն այլ բան մտածի, քան գերպաշտպանողական ֆուտբոլը ամբողջ 90 րոպեների ընթացքում:

Արգենտինա – Կոլումբիա, ժ. 02:05

Թեև հունիսի 15-ին մեկնարկող Կոնֆեդերացիայի գավաթում Հարավային Ամերիկան կներկայացնեն Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականները, այս պահին հենց արգենտինացիներին և կոլումբիացիներին կարելի է համարել Հարավամերիկյան ֆուտբոլի առաջատարներ: Արգենտինացիները, վերջապես լուծելով Մեսսիի խնդիրը, այս պահին համարվում են ԱԱ 2014-ի գլխավոր ֆավորիտներից մեկը, մնում է միայն Գարայը տեղափոխվի ավելի գրանդ ակումբ, որպեսզի մինչ 2014-ի ամառը ունենան նաև հզոր կենտրոնական պաշտպան: Կոլումբիացիներն էլ երևի թե Վալդերամայի սերնդից հետո հավաքագրել են լավագույն կազմը, որտեղ Պեկերմանի գլխավորությամբ փայլում են Արմերոն,  Խամես Ռոդրիգեսը և Ռադամել Ֆալկաոն, իսկ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ֆրեդի Գուարին ու Ջեքսոն Մարտինեսը, տեղ չունեն Պեկերմանի հիմնական կազմում: Ափսոս միայն, որ Լեո Մեսսին ամբողջովին չի ապաքինվել վնասվածքից և հանդիպումը կարող է սկսել պահեստայինների նստարանից:

Նախորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. Սանդրո Ռոսելը «Բարսելոնայում» քանդեց ամեն ինչ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը և Ադրբեջանը չկարողացան համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հերթական ռաունդի վերաբերյալ’