‘Ճապոնիայի արդարադատության նախարարը կապ է ունեցել մաֆիայի հետ’

1286

Ճապոնիայի արդարադատության նախարար Կեյսյու Տանական խոստովանել է, որ կապ է ունեցել մաֆիայի հետ, հաղորդում է The Japan Times-ը: 74-ամյա Տանական, որն արդարադատության նախարարի պաշտոնն ստանձնել է ընդամենը մեկ շաբաթ առաջ, խոստովանել է երեսնամյա վաղեմության դեպքերը, երբ ինքը մասնակցել է մաֆիայի կլաններից մեկի պարագլխի կազմակերպած երեկույթին ու նույնիսկ բաժակաճառ է ասել: Ըստ նախարարի ՝ ինքն այդ ժամանակ չի իմացել, որ երեկույթի հյուրերը յակուձայի անդամներ են:

Դեռ հայտնի չէ, թե արդյո՞ք Ճապոնիայի վարչապետ Եսիխիկո Նոդան մտադիր է աշխատանքից ազատել արդարադատության նախարարին, որը կապեր է ունեցել հանցագործ աշխարհում: The Japan Times-ը նաև հիշեցնում է, որ սա արդեն Տանակայի մասնակցությամբ երկրորդ սկանդալն է. մի քանի օր առաջ էլ նրան մերկացրել էին 2006 թվականից ի վեր պարբերաբար Չինաստանի մի քաղաքացուց 420 հազար իեն (5,4 հազար դոլար) նվիրատվություն ընդունելու մեջ: Մինչդեռ ըստ օրենքի՝ ճապոնացի քաղաքական գործիչներն իրավունք չունեն դրամական նվերներ ընդունել արտասահմանցի քաղաքացիներից: 

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանի քաղաքացուն ‘
Հաջորդ հոդվածը‘Նեյմարին կարող են որակազրկել 12 խաղով’