‘Ճապոնիայի կառավարությունն առաջարկում է փոխել կայսերական ընտանիքի կանանց կարգավիճակը ‘

1048

Ճապոնիայի կառավարությունը միկադոյի հպատակների քննարկմանն է ներկայացրել կայսերական ընտանիքում ամուսնացած կանանց կարգավիճակի փոփոխման վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:

Առաջարկվող տարբերակներն այսօր հրապարակվել են Ճապոնիայի վարչապետի պաշտոնական կայքում:

Տարբերակներից մեկի համաձայն,  «կայսերական» կանայք ամուսնությունից հետո ժառանգության իրավունք ձեռք կբերեն՝ կայսերական ընտանիքի մեջ ներառելով արքայադուստրերի ամուսիններին եւ երեխաներին: Այս տարբերակի հակառակորդները պնդում են, թե դա ի վերջո կայլասերի գահի ուղղակի ժառանգման ավանդական եղանակը:

Փոխզիջումային տարբերակով ամուսնացած արքայադուստրը կարող է մասնակցել կայսերական տանը կազմակերպվող միջոցառումներին՝ պետական ծառայողի կարգավիճակով:

Ճապոնիայի սահմանադրության համաձայն, կայսերական գահը ժառանգելու իրավունք ունեն միայն տղամարդիկ: Կանայք ամուսնությունից հետո ընդունում են ամուսնու ազգանունը եւ զրկվում են կարգավիճակից: Այսպես, այժմյան թագաժառանգի քույրը՝ Նարուհիտո Սայակոն ամուսնությունից հետո կայսերական արքունիքից տեղափոխվեց Տոկիոյի կենտրոնում գտնվող սովորական բնակարան:

Օրենսդրության փոփոխման քննարկումը պայմանավորված է նրանով, որ կայսերական ընտանիքի այժմյան անդամների մեծամասնությունը կանայք են:

 Լուսանկարը՝ РИА-Новости-ի

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ֆուտբոլի ամենաուշագրավ հանդիպումները` բացի «սուպերկլասիկո»-ից’
Հաջորդ հոդվածը‘Չավի. Ուրախ կլինեի «Ռեալի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալ’