‘Ճապոնիայի նոր կառավարությունը բողոք է ներկայացրել Չինաստանին’

864

Ճապոնիայի ԱԳՆ-ն այսօր՝ հունվարի 8-ին, ազգայնականների՝ իշխանության գալուց հետո առաջին անգամ, պաշտոնապես բողոք է ներկայացրել Չինաստանին, հաղորդում է France-Presse գործակալությունը: Տոկիոյում Չինաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ նախորդ օրը ՉԺՀ-ի չորս նավերի՝ Սենկակու կղզիների տարածքային ջրեր մուտք գործելու կապակցությամբ (Արևելաչինական ծովում գտնվող այդ անմարդաբնակ կղզիները երկու երկրները վիճարկում են արդեն մի քանի տասնամյակ): Ճապոնիան պահանջել է, որ նման միջադեպեր այսուհետ չկրկնվեն: Չինացի դիվանագետը հայտարարել է, որ կղզիները պատկանում են ՉԺՀ-ին, սակայն խոստացել է Պեկինին տեղյակ պահել ճապոնական իշխանությունների արձագանքի մասին:

Ճապոնիայի և Չինաստանի հարաբերություններն առաջին անգամ սրվել էին այն ժամանակ, երբ ճապոնական կառավարությունը ղեկավարում էր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սինձո Աբեն: Նոր վարչապետը հայտնի է որպես ազգայնական և պահպանողական, նա ընտրություններից առաջ խոստացել էր ավելի կոշտ քաղաքականություն վարել Չինաստանի նկատմամբ, որի հետ Ճապոնիան հակամարտություններ ունի մի քանի վիճելի տարածքների, այդ թվում՝ Սենկակու կղզիների պատճառով:

Սենկակու կղզիները Երկրորդ աշխարհամարտից հետո օկուպացվել էին ԱՄՆ-ի կողմից և 1972 թ. Սան-Ֆրանցիսկոյի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, Օկինավա կղզու հետ միասին, փոխանցվել էին Ճապոնիային: Պեկինը, սակայն, պնդում է, որ Տոկիոն կղզիներին ապօրինի է տիրում, քանի որ այդ պայմանագիրն ստորագրվել է առանց Չինաստանի մասնակցության:

Նախորդ հոդվածը‘Սելիմի լեռնանցքը եւ հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ փակ են’
Հաջորդ հոդվածը‘«Չենք լռելու». Բժիշկները վաճառե՞լ են հիվանդի երիկամը (տեսանյութ)’