Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել մի շարք անձանց դեմ

429

Ճապոնիան հրապարակել է Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ ընդլայնված պատժացուցակները, որոնց մասին ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Ֆումիո Կիսիդան։

Այդ փաստաթղթերի համաձայն՝ նորացված պատժացուցակներում է հայտնվել 130-ից ավելի մարդ, այդ թվում՝ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ ԱԽ փոխքարտուղար Ռաշիդ Նուրգալիևը, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարները, ինչպես նաև գործարար Գենադի Տիմչենկոյի ազգականները․ իր՝ Տիմչենկոյի դեմ Ճապոնիան պատժամիջոցներ է մտցրել դեռ մարտ ամսին։

Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում։

Ճապոնիան նաև արտահանման նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել՝ ընդլայնելով դրանց տակ ընկնող այն կազմակերպությունների և ընկերությունների ցանկը, որոնք, ճապոնական կողմի կարծիքով, կապ ունեն պաշտպանական սեկտորի հետ։ Ցուցակում ավելացվել է 70 նոր ընկերություն, այդ թվում՝ «Ալմազ-Անթեյը» և «Մարտավարական հրթիռային սպառազենք» կորպորացիան։

Այսպիսով, Ճապոնիայի պատժացուցակներում արդեն ՌԴ-ի, Բելառուսի, ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի 700-ից ավելի քաղաքացի կա, ինչպես նաև ռուսաստանյան ավելի քան 200 կազմակերպություններ և ընկերություններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP․ Ալկարասը բարձրացել է 6-րդ տեղ, Խաչանովը նույնպես առաջադիմել է
Հաջորդ հոդվածըԿարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հռոմի «Մասթերսում»