‘Ճարտարապետների միության համագումարը հանդարտ էր, պարկեշտ և գործնական’

996

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած Հայաստանի ճարտարապետների միության համագումարի ինքնատիպ միջադեպ տեղի ունեցավ: Ճարտարապետ Ռուբեն Հակոբյանը համագումարի մասնակիցներին առաջարկեց մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգել «Սևան» հյուրանոցի, «Ծածկած» շուկայի, Երիտասարդական պալատի, կրկեսի շենքերի հիշատակը: Մեկ րոպե ներկաները անշարժ կանգնած էին, քար լռություն էր:

Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ևս անդրադարձավ «Ծածկված» շուկային և նշելով «Դա մեր ամոթն ու խայտառակությունն է, որովհետև անզոր գտնվեցինք փրկել»:

Մինասյանը նիր հաշվետու զեկույցում նշեց, որ միությանը տրվել է ինքնակառավարման հնարավորություն և դա լիարժեք չի իրագործվում: Նա նաև հավելեց, որ անհրաժեշտ են նոր բովանադակային փոփոխություններ, որոնց իրագործման կարևորագույն լծակներից է Ճարտարապետության մասին դեռևս չեղած օրենքը: Իսկ օրենքի կայացումը դանդաղում է:

Ճարտարապետ Հրաչ Պողոսյանի խոսքը նույնպես կոշտ ու ինքնաքննադատական էր: Նա նշեց, որ կատավել է ճարտարապետության ստեղծագործական որակի կտրուկ անկում և հասել է «պլինտուսին»: Պողոսյանը մանրամասնեց, որ ճարտարապետական մտքի զարգացման խոչընդոտները լուրջ են, դրա համար էլ ճարտարապետները բաժան-բաժան են եղել: Իսկ Ճարտարապետների միությանը` որպես համախմբող միակ կառույց, անհրաժեշտ են աշխատանքի նոր ոճ, նոր բովանդակային մեխանիզմներ: «Չէ՞ որ հավաքական միտքն է այդտեղ ձևավորվում, որի պոտենցիալը կա, համախմբումն է պակասում»,- հայտարրեց Հրաչ Պողոսյանը:

Միության անդամները իրենց ելույթներում խոսեցին նաև Արտգործնախարարության շենքի ճակատագրի, Կոմիտաս 5, Սայաթ-Նովայի 12 հասցեներում բակերի կառուցապատման խնդիրների մասին:

Միության անդամենրը նաև նշեցին, որ միության կապը Հայաստանի այլ քաղաքների, գյուղերի հետ խիստ անբավարար է, ուստի միության աշխատանքի ձևաչափն ու ծավալաչափը պետք է ողջ հանրապետության տարածքն ընդգրկի և չբավարարվի Երևանով:

Համագումարում կարևորվեց Հայաստանի ճարտարապետների, շինարարների միությունների և Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի եռակողմ համագործակցության խորացումը:

Նշենք, որ համագումարին լուռ ներկա էր Երևանի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, իսկ Նարեկ Սարգսյանը համագումարը հարգեց իր բացակայությամբ: Նա տարիներ առաջ դադարեցրել էր իր անդամակցությունը: Ներկա չէր նաև ճարտարապետ Լևոն Իգիթյանը:

Բաց քվեարկությամբ միության նախագահ վերընտրվեց Մկրտիչ Մինասյանը:

 

Մարտին և Արամայիս Ասլանյաններ

Նախորդ հոդվածը‘Չիլիում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցիների մեծ մասն ընտանիքի վերաբերյալ ավանդական հայացքներ ունի’