‘Ճգնաժամային իրավիճակ Սևանում. Որսագողերը ոչնչացրել են սիգի բեղուն սերունդը’

893

Սևանում սիգի ապօրինի որսին առնչվող իրավիճակը շարունակում է մտահոգել փորձագետներին: Առայժմ բնապահպանները փորձում են վերադասի ուշադրությունը հրավիրել ձկնագողության, սիգի պաշարների վրա, որոնք  առանց այդ էլ ճգնաժամային մակարդակում են և շարունակում են նվազել: Վերջին օրերին ձկան մաքսանենգությունը դարձյալ հասել է մայրաքաղաքի շուկաներ: Ուշագրավ է, որ եթե դեռ մեկ տարի առաջ 3 սիգը շուկայում կարելի էր գնել հազար դրամով, ապա այժմ գները մի քանի անգամ ավելացել են. մեկ սիգի դիմաց վաճառողներն արդեն 1500 դրամ են պահանջում:

Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, այս տարի Սևանում սիգի բեղուն սերունդ էր, ինչը պատահում է մի քանի տարին մեկ անգամ: Բեղուն սերունդ է լինում` երբ մեծ քանակությամբ ձկնկիթ է դրվում, մի քանի անգամ մեծանում է մանրաձկան գոյատևման մակարդակը: Փորձագետը պարզաբանել է, որ բեղուն սերունդը  կախված է բացառապես տարվա վերարտադրողականության պայմաններից:

Սակայն ձկան մաքսանենգության չլուծված խնդիրը դարձյալ մթագնում է դրական իրադարձությունը. սիգի բեղուն սերունդը բարեհաջող որսացել են: «Եթե թույլ տային, որ այդ սերունդն աճեր, ապա, հնարավոր է, ինչ-որ արդյունք լիներ սիգի պաշարներին առնչվող իրավիճակի բարելավման առումով: Իսկ այսպես` մենք կրկին մնացինք կոտրված տաշտակի առջև: Ես համոզված եմ, որ հաջորդ տարի դարձյալ ոչինչ չի լինի», — ասել է նա:

Նրա ասելով, այժմ Սևանում սիգի մայր վտառի ներուժն այնքան ցածր է, որ չի կարող ապահովել այդ տեսակի պոպուլյացիայի արագ վերականգնում: Այդ առնչությամբ փորձագետն առաջարկում է ՌԴ Լենինգրադի և Չելյաբինսկի մարզերից սիգի ձկնկիթ ներկրել Սևան: «Այժմ մենք ուսումնասիրում ենք այդ առաջարկությունը, առայժմ ճշտվում է մոտավոր նախահաշիվը: Այնուհետև առաջարկությունը կներկայացվի Սևանի հարցերով զբաղվող հանձնաժողովին, իսկ հետո` կառավարությանը», — հաղորդել է Գաբրիելյանը:

2012 թվականին Սևանա լճում ձկան ընդհանուր պաշարը կազմել է 100-105 տոննա, որից 96.7 տոննա բաժին է ընկել կողակին, իսկ 6-6.5 տոննա` սիգին: Այսպիսով, միայն սիգի պաշարները մեկ տարում կրճատվել են 2 տոննայով` դրանով իսկ այդ ձկնատեսակը  հասցնելով լիակատար ոչնչացման եզրին: 

Նախորդ հոդվածը‘Քեմբրիջից՝ Նուբարաշեն. Արամ Մուղալյանը ազատ արձակվեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳՆախարարը Հայաստանին մեղադրել է հայ-թուրքական արձանագրությունները սաբոտաժի ենթարկելու մեջ’