‘Ճգնաժամ Իրաքում. 150 հազար բնակիչներ, այդ թվում՝ հայեր, լքել են Մոսուլը’

1118

Իրաքում Մոսուլի ավելի քան 150 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել քաղաքն այն բանից հետո, երբ այն անցել է իսլամիստների վերահսկողության տակ:

Ինչպես հաղորդում են BBC-ի թղթակիցները, տասնյակ հազարավոր փախստականներ անցնում են Քուրդիստան, որտեղ տեղական իշխանությունները նրանց համար ժամանակավոր ճամբարներ են ստեղծել: Քուրդիստանի իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությանը:

Մոսուլը գրաված գրոհայինները, որոնք պատկանում են «Ալ-Քաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» շարժմանը, կալանավայրերից ազատ են արձակել հարյուրավոր բանտարկյալների և գրավել են օդանավակայանը: Շաբաթվա սկզբին ջիհադականները գրավել էին կառավարության շենքը և քաղաքի մյուս առանցքային շինությունները: Նահանգապետը փախել է Մոսուլից, բանակի և ոստիկանության ուժերը լքել են իրենց պահակակետերը: Տեղացիների վկայությամբ՝ իսլամիստներն ամենուրեք պետական հիմնարկների ճակատին կախել են իրենց դրոշները:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին երեկ համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարել և դիմել է խորհրդարանին՝ երկրում արտակարգ դրություն մտցնելու խնդրանքով:

Հաղորդվում է նաև, որ իրենց տները լքել են Մոսուլի 65 հայկական ընտանիքներ։

Նախորդ հոդվածը‘Ստեփան Մարգարյան. Եթե 12 կետերը չկատարվեն, արմատական լուծումների գնալու առաջ կկանգնենք’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ’