‘ՃՈ-ն բաձրացրել է՝ մի շարք փողոցներին ու ճանապարհներին թույլատրելի արագությունը ‘

1039

Ճանապարհային ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ տեղեկացնում է, որ բազմաթիվ քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա կատարվել են ուսումնասիրություններ, և հաշվի առնելով ճանապարհի թողունակությունը, երթևեկության ինտենսիվությունը և անվտանգության ապահովման պայմանները, Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության համար ճանապարհային նշաններով սահմանված թույլատրելի առավելագույն արագություններում կատարվել են որոշ փոփոխություններ (փոփոխությունները կատարվել են 6 ամիս փորձաշրջանով):

Մասնավորապես.

1. Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Հերացի փողոցից դեպի Աճառյան փողոց (վերև բարձրացող) ուղղությամբ տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով.

2. Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ Էրեբունի փողոցի խաչմերուկից մինչև Գործարանային փողոցի խաչմերուկ հատվածում տեղադրվել է 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշան, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվում է 10 կմ/ժ-ով.

3. Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից  45.450  կիլոմետր հատվածում տեղակայված 70 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող նշանը հանվել է, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 20 կմ/ժ-ով.

4. Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի` ձախից՝ 19.0 կմ հատվածում տեղադրվել է 3.25՝ «Առավելագույն արագության սահմանափակման գոտու վերջ» ճանապարհային նշանը, այսինքն 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանի ազդման գոտին նվազեցվել է.

5. Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Արտաշատ քաղաքի սկիզբը նշող 5.23.1  «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշաններից հետո՝ բնակավայր մտնող երկու ուղղություններով տեղադրվել են 70 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշաններ, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով.

6. Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի հատվածում տեղադրված 50 կմ/ժամ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները հանվել են, այսինքն տվյալ հատվածում թույլատրելի առավելագույն արագությունը բարձրացվել է 10 կմ/ժ-ով:

Ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել տվյալ պահին ճանապարհի տվյալ հատվածի համար սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը չգերազանցող արագությամբ:

 

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտ Ազատ Գասպարյանին. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների դատ. Տիգրան Առաքելյանի խոսքը դատարանում. Տեսանյութեր’