‘ՃՈ-ն կոչ է անում համապատասխան կարգով ձեւակերպել ավտոմեքենաների առքուվաճառքը’

5170

Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը տարածել է հաղորդագրություն, որում քաղաքացիներին կոչ է արել համապատասխան կարգով ձևակերպել ավտոմեքենաների առքուվաճառքը` ԱՊՊԱ  պայմանագրի հնարավոր բացակայության առնչությամբ հետագայում տուգանքներից խուսափելու համար: Ճանապարհային ոստիկանությունն, այդպիսով, արձագանքել է բազմաթիվ սեփականատերերի դժգոհությանը, ովքեր առանց համապատասխան փաստաթղթավորման, փաստացի, օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվության են ենթարկվում:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում սկսվել է ԱՊՊԱ պայմանագրեր չկնքած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը:

Ճանապարհային ոստիկանությունը կոչ է անում այն անձանց, ովքեր փաստացի ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն չեն ձևակերպել համապատասխան կարգով, դիմել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում նշված անձանց՝ տրանսպորտային միջոցի օտարման գործարքը պատշաճ ձևակերպելու համար, իսկ եթե այդ անձանց հնարավոր չէ գտնել, ապա՝ դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10)56-45-88 հեռախոսահամարով:

Նշենք, որ իրավիճակն անհեթեթ բնույթ է ստացել, քանի որ 90-ական և 2000-ական թվականներին երկրի ներսում ավտոմեքենաների առքուվաճառքը բավականին տարածված բիզնեսի ոլորտ էր, ընդ որում ավելի վաղ գործող օրենսդրությունն ավտոմեքենաների առքուվաճառքի ժամանակ Ճանապարհային ոստիկանությունում գործարքի գրանցում չէր պահանջում, բավական էր սեփական ավտոմեքենան վաճառել, դրա համար ձևակերպելով վստահագիր կամ, նույնիսկ գրության միջոցով, որում նշվում էր գործարքի գումարը: Շարժական գույքի վաճառքի այդ հեշտացված ընթացակարգն այժմ, պաշտոնյաների չմտածված գործողությունների շնորհիվ, դարձել է իսկական ֆինանսական գիլյոտին տասնյակ հազարավոր քաղաքացիների համար: Ընդ որում պատժամիջոցների ենթակա են նաև արդեն վաղուց գոյություն չունեցող ավտոմեքենաները, քանի որ հին ավտոմեքենաները հաճախ ձեռք էին բերվում դրանց պահեստամասերի համար: Դիտորդների կարծիքով, նման գործողություններ կարելի էր ձեռնարկել միայն գրանցման հին տվյալները «մաքրելուց» հետո` նախապես զգուշացնելով բոլոր մեքենատերերին: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում, ով նույնպես տուգանք է մուծել 13 տարի առաջ վաճառված ավտոմեքենայի համար, իրավիճակի անհեթեթությունը հաստատել են ինչպես Ավտոապահովագրողների բյուրոյի իրավաբանական ծառայությունում, այնպես էլ Հայաստանի ճանապարհային ոստիկանությունում, նշելով, որ կառավարության չմտածված որոշման առնչությամբ բողոքների հսկայական թիվն, այսպես թե այնպես, պետք է ազդի իրավիճակի վրա: Իսկ առայժմ «անտեղի» հսկայական տուգանքները շարունակում են համալրել պետական բյուջեն: ԱՊՊԱ ինստիտուտը Հայաստանում գործում է 2011 թվականի հունվարի 1-ից: Ապահովագրական շուկայի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի կենտրոնական բանկը` որպես մեգակարգավորող: «ԱրմԻնֆո» վարկանշային մարքեթինգային լրատվական գործակալության պատրաստած «Հայաստանի ապահովագրական ընկերությունների ռենտինգի» տվյալներով, 2012  թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունները հավաքել են 23.8 մլրդ դրամի ապահովագին, որից ԱՊՊԱ-ին բաժին է ընկել 10.1 մլրդ դրամ: 2012 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրողների ապահովագրավճարները հասել են 6 մլրդ դրամի, որից ԱՊՊԱ-ի գծով վճարումներին բաժին է ընկել 4.2 մլրդ դրամ:

 

 

Նախորդ հոդվածը’10 տարի առաջ այս օրը Բուդապեշտում սպանվեց Գուրգեն Մարգարյանը’
Հաջորդ հոդվածը‘Ռովնոյում ցուցարարները գրավել են «Բերկուտի» բազան’