‘Մադուրոն արտակարգ լիազորություններ է խնդրում՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար’

1053

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մարտի 10-ին դիմել է խորհրդարանին՝ խնդրելով իրեն լիազորել հրամաններ արձակել, որոնք օրենքի ուժ կունենան: Այդ քայլին Ուգո Չավեսի հետնորդը գնացել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վենեսուելցի  մի շարք պաշտոնյաների նկատմամբ, հաղորդում է Reuters-ը:

«Ես եկել եմ խնդրելու, որ համապատասխան օրենք ընդունեք, որպեսզի կարողանանք դիմակայել այս սքանչելի ժողովրդի նկատմամբ աշխարհի ամենահզոր երկրի՝ ԱՄՆ-ի ագրեսիային»,- հայտարարել է Մադուրոն խորհրդարանում:

Ակնկալվում է, որ խորհրդարանը, որտեղ գործող իշխանության կողմանկիցները մեծամասնություն են կազմում, ամենայն հավանականությամբ՝ կբավարարի երկրի նախագահի խնդրանքը:

Մինչդեռ ընդդիմությունը քննադատության է ենթարկել Մադուրոյի նախաձեռնությունը՝ այն անվանելով «իշխանության զավթում» և նշելով, որ նախագահն օգտագործում է իր իշխանության ընթացքում Վաշինգտոնի հետ հարաբերությունների սրման ամենակոշտ շրջանը՝ երկրի բնակչության ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու նպատակով:

Մարտի 9-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատժամիջոցներ սահմանեց Վենեսուելայի յոթ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր «խախտել են Վենեսուելայի քաղաքացիների իրավունքները և կոռուպցիոն սխեմաների մասնակից են»: Ի պատասխան՝ Վենեսուելան Վաշինգտոնից ետ կանչեց իր գործերի հավատարմատար Մաքսիմիլիան Արվելասին: Մադուրոն այդ յոթ պաշտոնյաներին «հերոսներ» կոչեց և նրանցից մեկին էլ՝ ազգային հետախուզության ղեկավարին, նշանակեց ներքին գործերի նախարար: Փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Կոռոլյովում ոչնչացրել են 30-ականներին գնդակահարված նկարչի որմնանկարները’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնայն պուրակում հավերժացրել են փայտփորիկի մեջքին նստած ճանապարհորդող աքիսին’