‘Մադուրոն և եպիսկոպոսները վիճել են «Չավես մեր» բանաստեղծության պատճառով’

1385

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն քննադատել է եպիսկոպոսներին, որոնք ըստ արժանվույն չեն գնահատել «Չավես մեր» բանաստեղծությունը, հաղորդել է El Nacional-ը: Մադուրոյի խոսքով՝ հոգևորականները, որ քննադատել են այդ ստեղծագործությունը՝ քրիստոնեական գլխավոր՝ «Հայր մեր» աղոթքի հետ իր նմանության համար, «ժամանակակից վուլգար ինկվիզիտորներ» են: «Մարիա Ուրիբեն, կարդալով նախկին նախագահի մասին այդ գեղեցիկ պոեմը, պարզապես ուզում էր այդ կերպ արտահայտել իր սերը Չավեսի հանդեպ: Սակայն որոշ եպիսկոպոսներ սկսեցին հալածել խեղճ կնոջը՝ այդպիսով Չավեսի հանդեպ դրսևորելով իրենց ատելությունը»,- հայտարարել է Մադուրոն: Նրա խոսքով՝ իրականում խոսքը ոչ թե վերաձևված աղոթքի մասին է, այլ աղոթքի ձևով բանաստեղծության, որի հեղինակը վենեսուելացի նշանավոր բանաստեղծ Ուիլյամ Օսունան է: Մադուրոն ընդգծել է, որ բանաստեղծական այդ ձևին շատերն են անցյալում դիմել, այդ թվում՝ Նոբելյան դափնեկիրներ Պաբլո Ներուդան և Միգել Անխել Աստուրիասը:

«Չավես մեր, որ երկնքում ես» բառերով սկսվող բանաստեղծությունը իշխող Վենեսուելայի սոցիալիստական կուսակցության ակտիվիստուհի Մարիա Ուրիբեն ներկայացրել է սեպտեմբերի 1-ին: Ինչպես նշում է Reuters-ը, բանաստեղծությունն ավարտվում է հետևյալ տողերով. «Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն կապիտալիզմի, այլ փրկեա զմեզ ի չարէ օլիգարխիայի: Հայրենիք, խաղաղություն և կյանք մեր՝ հավիտեանս հավիտենից, ամեն: Կեցցե Չավեսը»: Եւ սա ամենից շատն է զայրացրել հոգևորականներին:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրիայի 28-ամյա արտգործնախարարը կժամանի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Շահում է Քառյակը՝ շահում է պետությունը’