‘Մադրիդցիների «սեւ» օրը, «Բարսելոնայի» համերգը, Մեսիի 90-րդ գոլը, Կասիլյասի հետին միտքը’

878

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 16-րդ տուրին առանձնահատուկ էին սպասում: Այն պետք է պատասխաներ այն հարցին, թե կկարողանա՞ «Աթլետիկոն» ձեռնոց նետել «Բարսային», եւ ի՞նչպես պետք է օգտվի այդ հանդիպումից «Ռեալը»:

«Ռեալը» չօգտվեց: Առաջնության անհույս հետնապահ «Էսպանյոլի» հետ սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղալ, նշանակում է, այս թիմում ինչ որ բան նորմալ չէ: Ավելի հավանական է, որ «Ռեալի» խաղացողները մտովի արդեն հանձնվել են Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարում` ժամկետից շուտ այդ տիտղոսը համարելով «Բարսայի» սեփականությունը: Բացառված չէ, Մոուրինյոն որոշել է թիմի ամբողջ ներուժը, էներգիան, եղած-չեղածը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայում հաղթելու համար: Եթե նույնիսկ Կասիլյասն է հայտարարում, որ ավելի լավ է «Բարսային» 25 միավոր զիջել Իսպանիայում, բայց հաղթել Չեմպիոնների լիգայում, ուրեմն, մնում է սպասենք գարնանը: Այս «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում այլեւս որեւէ մոտիվացիա չունի, այստեղից էլ երեւի իրենց ամենաթույլ խաղը առաջնությունում: «Էսպանյոլը» արժանի էր միավորի:

«Ռեալի» սայթաքումից հետո մեկնարկեց առաջնության կենտրոնական հանդիպումը` «Բարսելոնա» — «Աթլետիկո»: Մադրիդիցիները Դիեգո Սիմեոնիի գլխավորությամբ կերպարանափոխվեցին այն աստիճան, որ «Կամպ Նոու» մարզադաշտում նրանց դիմավորեցին այնպես, ինչպես դիմավորում են միայն «Ռեալին. լեփ-լեցուն մարզադաշտով, ֆանտաստիկ պերֆորմանսով: Հանդիպմանը հատուկ երկու օպերատոր էին վարձել, որոնք պետք է հետեւեին թիմերի երկու ռմբարկուներին` Մեսիին եւ Ֆալկաոյին: Նրանցից սպասում էին ամեն ինչ:  

Առաջին խաղակեսում Ֆալկաոն այս դիմակայությունում հաղթող դուրս եկավ: Երկու ռեալ գոլային պահ փչացնելուց հետո Ֆալկաոն զուտ իր անհատական վարպետության հաշվին շրջանցեց անձամբ Բուսկետսին եւ Վալդեսի դարպասը գրավեց այնպես, ինչպես դա արել է այս տարի մի 10-15 անգամ Մեսին: 

Շատ լավ է, որ «Բարսելոնայի» հետ խաղում մրցակիցը հաշվի մեջ առաջ է անցնում, ավելին, խաղային առավելություն է ունենում. մի տեսակ համայն մարդկությունը ետ է վարժվել նման իրավիճակներից: Բայց դա ընդամենը 35 րոպե տեւած միրաժ էր: «Բարսայի» պաշտպան Ադրիանոն, որը պահեստայինների նստարանին է թողել Դանի Ալվեշին, ֆանտաստիկ հարվածով շոկի մեջ գցեց «Աթլետիկոյին»: Դա ընդհանրապես առաջին հարվածն էր մրցակցի դարպասի ուղղությամբ: Մեսին, Չավին եւ մնացածները այդ րոպեներին աննկատ էին: Ադրիանոյի գոլից հետո կատալոնացիները գործի անցան: Ինչպես պատից կախած հրացանը կարող է տարին մեկ անգամ կրակել, այնպես էլ Բուսկետսը կարող է տարին մեկ անգամ գոլի հեղինակ դառնալ` 2:1:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտում միայն «Բարսելոնան» էր: «Աթլետիկոն» իր ամբողջ էներգիան` ֆիզիկական եւ հոգեբանական, սպառել էր, եւ արդեն դիտում էր «Բարսայի» մենահամերգը, որտեղ դիրիժորը Ինյեստան էր: Պարզապես սքանչելի հանդիպում անցկացրեց: «Ոսկե գնդակը» իրեն պետք է տալ, ով, ինչ ուզում է ասի:

Բայց հասկանալի է, որ նման խաղում առանց գոլ չպետք է մնար Մեսին, ինչը «Կամպ Նոույում» կարող էր բողոքի ակցիա առաջացնել: Մեսին հուսախաբ չարեց` խփելով 89-րդ եւ 90-րդ գոլերը: Այժմ արդեն բրազիլացի Զիկոյի վկաներն էլ խոսելու տեղ չունեն:

«Բարսան» փառահեղ հաղթանակ տարավ, վաստակեց 46 միավոր եւ երեւի սրանով Իսպանիաի առաջնությունը կարելի է ավարտված համարել: «Աթլետիկոն» ունի 37 միավոր, Մադրիդի «Ռեալը»` 33 միավոր:

Իսպանիայի առաջնություն. 16-րդ տուր 

«Ռեալ» — «Էսպանյոլ»՝ 2:2

Կրիշտիանու Ռոնալդու, 45, Ֆաբիու Կոենտրաու, 49 – Սերխիո Գարսիա, 31, Խուան Ալբին, 88

«Բարսելոնա» — «Աթլետիկո»՝ 4:1

Ադրիանո, 36, Սերխիո Բուսկետս, 45, Լիոնել Մեսի, 57, 88 – Ռադամել Ֆալկաո, 31

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում հրապարակել է հանրաքվեի առաջին փուլի արդյունքները. Ընդիմությունը դժգոհ է’
Հաջորդ հոդվածը‘Չնայած ձյանը՝ չվերթներն իրականացվում ըստ ժամանակացույցի’