‘«Մալագան» շարունակում է պատմություն կերտել’

871

Իսպանական համեստ «Մալագան» շարունակում է իր հերոսական հաղթարշավը Չեմպիոնների լիգայում: Թերեւս ոչ մի թիմ ներկայումս չի հարստացնում ֆուտբոլը վառ էջերով, ինչպես` «Մալագան»: Այս թիմը կարծես ստեղծված է ապացուցելու, որ ֆուտբոլում ամեն ինչ միայն փողով չի որոշվում, կամ աստղերի բազմությամբ:

Մարդկային համառությունը, կամային ապշեցուցիչ հատկանիշները, մինչեւ վերջ պայքարելու եւ չհանձնվելու ունակությունները «Մալագային» դուրս բերեցին Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ: Կքված ֆինանսական պարտքերի տակ, կորցնելով իր մի քանի առաջատար ֆուտբոլիստներին, ենթարկվելով ՈւԵՖԱ-ի պատժամիջոցին, համաձայն որի «Մալագան» զրկվել է եվրագավաթների հաջորդ խաղարկությանը մասնակցելու իրավունքից, թիմը` կարծես ի հեճուկս բոլորին, շարունակում է առաջ գնալ: Նրա մարզիչը` Պելեգրինին, երեւի կախարդ  է, որը կարողանում է նման սուղ պայմաններում երկրորդ անգամ միջակ թիմը դուրս բերել նման բարձրունքների: Առաջինը «Վիլյառեալն» էր:

«Պորտուի» հետ առաջին խաղից հետո քչերն էին հավատում «Մալագային»: Պորտուգալացիները առաջին խաղում բացահայտ առավելություն ունեին, եւ միայն հրաշքով հաղթեցին ընդամենը 1:0 հաշվով:

Սակայն պատասխան խաղում իսպանական ակումբը տպավորիչ խաղ ցուցադրեց եւ հաղթեց 2:0: Խաղի հերոսը դարձավ «Մալագայի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն: 20-ամյա այս տաղանդը ֆանտաստիկ հարվածով բացեց հաշիվը եւ դա հանդիպման բեկումնային պահն էր, որից հետո «Մալագային« արդեն դժվար էր կանգնեցնել: Իսկ Իսկոն իր այդ գոլով երեւի մի 10 միլիոն եվրոյով բարձրացրեց իր տրանսֆերային արժեքը, որն այժմ էլ արդեն գերազանցում 30 միլիոնի սահմանագիծը:

77-րդ րոպեին պարագվայցի հարձակվող Ռոկե Սանտա Կրուզը, որը ընդամենը 2 րոպե առռաջ էր խաղադաշտ մտել, կրկնապատկեց հաշիվը, ինչ-որ խխելահեղ, աննկարագրելի էքստազի մեջ գցելով երկրպագուներին: Այժմ իսպանացիներին հաջորդ փուլում շատ ավելի դժվար մրցակից է սպասվում, բայց նույնն էլ վերաբերում է նրանց, ովքեր կհանդիպեն այս թիմին:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում 

«Մալագա» — «Պորտու»՝ 2:0 (առաջին հանդիպում՝ 0:1)

Իսկո, 43, Ռոկե Սանտա Կրուզ, 77

Նախորդ հոդվածը‘Մասնավոր տաքսիների դեղին համարանիշները կփոխարինվեն սպիտակով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մեսին եւ Ագուերոն տոնում են Հռոմի Պապի ընտրությունների արդյունքները’