‘Մալախովը դիմել է Զելենսկուն՝ NewsOne-ի լրագրողներին պաշտպանելու խնդրանքով’

1741

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ խնդրելով ապահովել NewsOne հեռուստաալիքի լրագրողներ Վասիլի Գոլովանովի և Ելենա Կիրիկի պաշտպանությունը, որոնք սպառնալիքներ են ստանում՝ Կիև-Մոսկվա հեռուստակամուրջ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունից հետո։ Մալախովը համապատասխան հայտարարությունն արել է տեսաուղերձով, որը երկուշաբթի հրապարակվել է  Instagram-ի նրա էջում։

«Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ Կիևի և Մոսկվայի միջև պատմական մարդասիրական հեռուստակամուրջ անցկացնելու գաղափարը կավարտվի սպառնալիքներով իմ գործընկերներ Վասիլի Գոլովանովի ու Ելենա Կիրիկի և նրանց ընտանիքիների անդամների հասցեին։ Ես ուզում եմ դիմել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ որպես սահմանադրության երաշխավորի։ Դուք պետք է հնարավոր ամեն բան անեք, որպեսզի «ժողովրդի ծառաները»՝ լրագրողները, չորրորդ իշխանությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները չտուժեն»,- ասել է Մալախովը։

Հուլիսի 7-ին «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարվել էր, որ հուլիսի 12-ին կանցկացվի «Պետք է խոսել»  Կիև-Մոսկվա հեռուստակամուրջը։ Նախատեսված էր, որ այն համատեղ կանցկացվի ուկրաինական NewsOne հեռուստաալիքի հետ, հաղորդավարներն էլ պետք է լինեին Մարիա Սիտտելը և Անդրեյ Մալախովը՝ մոսկովյան տաղավարում, և Վասիլի Գոլովանովն ու Ելենա Կիրիկը՝ Կիևում։

Այս նախաձեռնությունը բողոքի ալիք բարձրացրեց ուկրաիանացի քաղաքական գործիչների և կուսակցությունների շրջանում։ Ավելի ուշ հեռուստաալիքը հայտարարեց, որ չեղարկում է հեռուստակամուրջը՝ լրագրողների հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքների պատճառով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Հարավային Կորեայի ԱԳ նախկին նախարարի որդին փախել է ԿԺԴՀ’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ․ Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը Ասանժին լրտեսել են’