‘Մալայզիայի վարչապետը Boeing 777-ի աղետի բաց և անկախ հետաքննություն է պահանջում’

938

Մալայզիան պահանջում է Boeing 777-ի հուլիսի 17-ի՝ 298 մարդու կյանք խլած աղետի բաց և անկախ հետաքննություն: Այս մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակը Կուալա-Լամպուրում իր ավստրալացի պաշտոնակից Թոնի Աբոթի հետ բանակցությունների ընթացքում: «Մենք ցանկանում ենք  լիակատար, անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել, որպեսզի այդ ողբերգության մեղավորները կանգնեն դատարանի առաջ»,- հայտարարել է վարչապետը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ պատասխանատուներին հայտնաբերելը «չափազանց բարդ խնդիր է»:

Ըստ Ռազակի՝ անհրաժեշտ կլինի մի քանի շաբաթ, որ միջազգային փորձագետները կարողանան կրկին թույլտվություն ստանալ Ուկրաինայի տարածքում աղետի վայր այցելելու համար:

Ավելի վաղ Նիդեռլանդների անվտանգության խորհուրդը տեղեկացրել էր, որ Boeing-ի աղետի հետաքննության նախնական արդյունքները կհրապարակվեն սեպտեմբերի 9-ին:

Ավստրալիայի վարչապետը մեկօրյա այցով Մալայզիա է ժամանել Հնդկական օվկիանոսում անհետացած մալայզիական օդանավի որոնման համատեղ գործողությունների և Դոնեցկի մարզում Boeing-ի աղետի ենթարկվելու պատճառների հետաքննության հարցերով բանակցություններ վարելու նպատակով: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իրաքը Թեքսասի դատարանից կրկին պահանջում է կալանք դնել Իրաքյան Քուրդիստանից ստացված նավթի խմբաքանակի վրա’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի արևելքում զինադադարը պահպանվում է’