‘Մալիում հայտնաբերվել են Air Algerie-ի անհետացած օդանավի բեկորները’

1159

Բուրկինա Ֆասոյից Ալժիր թռչող Air Algerie ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները  հայտնաբերվել են Մալիի հյուսիսում՝ Սահարայի անապատում, հայտնել է Մալիի նախագահ Իբրահիմ Բուբակար Քեյթան:

Այս տեղեկատվությունը հաստատել են նաև Բուրկինա Ֆասոյի կառավարության ներկայացուցիչները, որոնց խոսքով՝ ինքնաթիռն աղետի է ենթարկվել Մալիի հետ Բուրկինա Ֆասոյի սահմանից 50 կմ հեռավորության վրա:

McDonnell Douglas MD-83 ինքնաթիռը՝ 110 ուղևորներով և անձնակազմի 6 անդամներով, չվերթ էր կատարում Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաք Ուագադուգուից Ալժիր: Սահարայի անապատի վրայով թռչելիս այն դադարել է պատասխանել կարգավարներին:

 Աղետի պատճառները դեռ պարզ չեն: Քաղավիացիայի ֆրանսիական վարչությունը տեղեկացրել է, որ օդանավն այս շաբաթ տեխնիկական ստուգում է անցել և եղել է սարքին վիճակում: Air Algerie-ի ներկայացուցիչը մամլո ասուլիսում հայտնել է, որ օդանավի բոլոր ուղևորները Ալժիրով մեկնում էին այլ երկրներ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե օդանավում է եղել Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Մարիելա Կաստրոն, սակայն այդ լուրը չի հաստատվել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. նոր տեսախցիկներ Երեւանի խաչմերուկներում’
Հաջորդ հոդվածը‘Շիրակի մարզը դարձել է քրեական նորությունների մատակարար. Նոր սպանություն Գյումրիում’