‘Մախաթը պարկում չես թաքցնի’

6619

Հետազոտող-լրագրող Թաթուլ Հակոբյանը Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ այսօր անցկացված կլոր սեղանի ընթացքում խոսելով «տարածքային փոխանակման տարբերակի» մասին` ասել է. «Այդ տարբերակը չէր ենթադրում Մեղրին Ադրբեջանին փոխանցել, ինչպես 2008-ին հրապարակում թուղթ էր թափահարում Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

Թաթուլ Հակոբյանն, իհարկե, կարող է փորձել մաքրել իր ղեկավար Վարդան Օսկանյանին ու նրա ղեկավար Ռոբերտ Քոչարյանին` Ադրբեջանի հետ տարածքների փոխանակման (Մեղրին Ղարաբաղի դիմաց) համաձայնեցված պլանը առաջ մղելու խարանից: Ու դրա համար դիմել ժողովրդին խաբելու սովորական հնարքին: Բայց մախաթը պարկում չես թաքցնի: Այդ ծրագրի գոյության մասին բարձրաձայնել են ոչ միայն Հայաստանում դրանից տեղյակ մարդիկ: Թաթուլ Հակոբյանի համար, կարծում ենք, օգտակար կլինի ընթերցել մասնավորապես ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Ֆիլիպ Ռեմլերի «Կովկասին շղթայված. Խաղաղարար գործընթացը Լեռնային Ղարաբաղում 1987-2012 թթ.» (Chained to the Caucasus: Peacemaking in Karabakh 1987-2012) աշխատությունը: Մի դիվանագետի, որն անմիջականորեն մասնակցել է Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ դիվանագիտական գործունեությանը:

Իր գրքում նա մասնավորապես նշել է. «Հարկ է նշել այն հանգամանքը, որ բանակցությունները շատ ինտենսիվ էին: Բացի նրանից, որ Քոչարյանն ու Ալիևը գաղտնի էին պահել բանակցությունների բովանդակությունը համանախագահող երկրներից, նրանք նաև այն թաքցրել էին իրենց ԱԳ նախարարներից, որոնք շարունակում էին հանդիպել և քննարկել (ապարդյուն) Մինսկի խմբի առաջարկները. Քոչարյանն ու Ալիևն արդյունքում մշակեցին բոլորովին նոր լուծում, որն ամբողջությամբ տարբեր էր ԵԱՀԿ նախկինում մշակած բոլոր առաջարկներից: Լուրջ փոխզիջումներ՝ հիմնված լայն տարածքային փոխանակման վրա. Հայաստանը ստանում էր ամբողջական տիրապետություն Ղարաբաղի վրա, ներառյալ Լաչինի միջանցքը, որի դիմաց Ադրբեջանի ամբողջական տիրապետության տակ էր անցնում Հայաստանի ամենահարավային շրջանը` Մեղրին, որը Հայաստանին կապում է Իրանի հետ, և որը պետք է դառնար կապող միջանցք Ադրբեջանի և Նախիջևանի միջև» (Ռեմլերի աշխատության` այս թեմային վերաբերող հատվածի թարգմանությունն` այստեղ):

Ներելի կլիներ, եթե Թաթուլ Հակոբյանի այս պնդումը լիներ չիմացության արդյունք, սակայն այս հարցում` վերը նշված մոտիվներով պատճառաբանված համառությունը ստիպում է եզրակացնել, որ պատմական իրականության և փաստերի աղավաղման, հասարակությանը մոլորեցնելու վարակը, որ, ցավոք, մեր առօրյայի անբաժանելի մասն է դարձել, փաստորեն չի շրջանցել նաև Թաթուլ Հակոբյանին:

Վարդան Հակոբյան

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը’
Հաջորդ հոդվածը‘Օսկարին ընդառաջ. ԳՆԱ. (GET OUT)’