‘Մակարևիչը Պուտինին ուղղված նամակում խնդրել է դադարեցնել հալածանքն իր դեմ’

1277

«Машина времени» խմբի ղեկավար Անդրեյ Մակարևիչը բաց նամակ է ուղղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով դադարեցնել իր նկատմամբ «վայրի խրախճանքը», ինչն արատավորում է իր անունը:

Մակարևիչի խոսքով՝ թերթերի էջերից ու հեռուստատեսության էկրաններից չի դադարում իր դեմ «կեղտոտ բամբասանքների հեղեղը», որն արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում է:

«Ինձ անվանում են «խունտայի բարեկամ», «ֆաշիստների գործակից», «դավաճան» և այլն: Մինչդեռ միակ «հանցանքը», որ ես գործել եմ, այն է, որ Սվյատոգորսկ քաղաքում այցելել եմ Դոնեցկ քաղաքից փախստականների ճամբար և բարեգործության շրջանակներում երեք երգ եմ կատարել այդ փախստականների երեխաների համար»,- գրել է Մակարևիչը:

Մակարևիչը հիշեցրել է, որ իր խումբն արդեն 45 տարի է, ինչ գործում է, և այդ ընթացքում միլիոնավոր երկրպագուներ է ձեռք բերել Ռուսաստանում ու աշխարհում: «Եվ ինչում մեզ ոչ մի կերպ չի կարելի մեղադրել՝ Հայրենիքը չսիրելն է»,- եզրափակել է Մակարևիչը:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինն արդեն տեղեկացվել է երաժշտի նամակի մասին: Միևնույն ժամանակ՝ Պեսկովը տարակուսանք է հայտնել, թե ինչու է նամակն ուղղված հատկապես նախագահին: «Կարելի է չհամաձայնել երաժշտի հետ. այն, ինչ նա մեկնաբանում է որպես հալածանք, կարելի է անվանել նաև հասարակական կարծիքի արձագանք: Հազիվ թե այդ դեպքում պետք էր դիմել նախագահին»,- ասել է Պեսկովը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՀԿ-ն պահանջում է արգելել էլեկտրոնային ծխախոտի գովազդը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Լուրջ թեմա և դատարկ խոսք’