‘Մակրոնը խոստանում է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել’

2155

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ամրագրել՝ վերահաստատելով ընտրարշավի ժամանակ ստանձնած հանձնառությունը: Այդ մասին վկայակոչելով France-Presse լրատվական գործակալությանը՝ հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մակրոնն  այդ հայտարարությունն արել է երեքշաբթի օրը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ, որի պատվավոր հյուրն էր:

Մակրոնը շուրջ 30-րոպեանոց ելույթ է ունեցել Փարիզի հյուրանոցներից մեկում կազմակերպված հանդիսությանը, որի հրավիրյալների թվում էին նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը,ֆրանսահայ խորհրդարանականներ, ինչպես նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը եւ հրեական համայնքի ներկայացուցիչներ:

«Պայքարը հանուն արդարության եւ ճանաչման մեր պայքարն է: Մենք այն մղում ենք հիշողությամբ՝ սատարելով հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակի համար օր ամրագրելը», — Մակրոնի խոսքերն է մեջբերում France-Presse-ը: Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ դա իր ընտրարշավի հանձնառություններից էր, եւ շեշտել է առաջիկա ամիսներին տվյալ հարցով որոշում ընդունելու կարեւորությունը:

 

Նախորդ հոդվածը‘Թրամփը Ռուսաստանին ու Չինաստանին հակառակորդ է համարում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր մարտիմեկյան սպանդի զոհ Տիգրան Խաչատրյանի ծննդյան օրն է’