‘ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը՝ վայրի բնության համաշխարհային օրվա կապակցությամբ’

892

Մարտի 3-ը՝ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի ընդունման տարեդարձի օրը, ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հայտարարել է Վայրի բնության համաշխարհային օր: Երկրորդ անգամ նշվող այս օրը ՄԱԿ-ի համակարգը, դրան անդամակցող երկրները և գործընկերների մի լայն շրջանակ ամբողջ աշխարհում կարևորում են պարզ, սակայն վճռական ուղերձը՝ «ժամանակն է լուրջ վերաբերվել վայրի բնության նկատմամբ հանցագործություններին»:

Վայրի բույսերի ու կենդանիների անօրինական առևտուրը դարձել է անդրազգային հանցավորության բազմաբարդ ձև՝ համեմատելի այնպիսի վնասաբեր երևույթների հետ, ինչպիսիք են թմրամիջոցների, մարդկանց, կեղծ ապրանքների ու նավթի թրաֆիքինգը: Աճող պահանջարկը խթանում է այն, իսկ կոռուպցիան և թույլ կառավարումը՝ հաճախ դյուրացնում են: Հիմնավոր փաստեր կան կազմակերպված հանցավոր ցանցերի և ոչ պետական զինված խմբավորումների ներգրավվածության աճի վերաբերյալ:

Վայրի կենդանիների և բույսերի ապօրինի առևտուրը խարխլում է իրավունքի գերակայությունը և վտանգում ազգային անվտանգությունը: Այն քայքայում է էկոհամակարգերը և մեծ խոչընդոտ է գյուղական համայնքների ու տեղաբնիկների ջանքերի համար, որոնք ձգտում են տնօրինել իրենց բնական ռեսուրսները՝ առանց վնասելու շրջակա միջավայրը: Հանցավորության այս տեսակի դեմ պայքարելը էական է ո՛չ միայն պահպանմանն ուղղված ջանքերի և կայուն զարգացման տեսանկյունից. այդ պայքարը կնպաստի խաղաղության և անվտանգության հաստատմանն անհանգիստ տարածաշրջաններում, որտեղ այսօրինակ անօրինական գործողությունները սնում են հակամարտությունները:

Վայրի բնության նկատմամբ հանցագործություններին լուրջ վերաբերվել՝ նշանակում է ներգրավել հասարակության բոլոր այն հատվածների աջակցությունը, որոնք ընդգրկված են վայրի բնության ապրանքների արտադրության և սպառման դաշտում (այդ ապրանքները լայնորեն կիրառվում են որպես դեղամիջոցներ, սնունդ, շինանյութ, կահույք, կոսմետիկ միջոցներ, հագուստ և այլ պարագաներ): Իրավապահպան ջանքերը պետք է արժանանան հասարակության ավելի լայն շերտերի աջակցությանը: Բոլոր երկրներում գործարար համայնքը և լայն հանրությունը կարող են մեծ դեր խաղալ՝ մասնավորապես հրաժարվելով գնել ապօրինի փղոսկր և ռնգեղջյուրի եղջյուր կամ մասնակցել դրանց աճուրդին ու հետամուտ լինելով, որ համաշխարհային օվկիանոսի և արևադարձային անտառների բարիքները ձեռք բերվեն օրինականորեն ու առանց շրջակա միջավայրին հասցվող վնասի:

Վայրի բնության համաշխարհային օրվա կապակցությամբ բոլոր սպառողներին, մատակարարներին և կառավարություններին կոչ եմ անում վայրի բնության հանդեպ հանցագործություններն ընդունել որպես սպառնալիք մեր կայուն ապագայի հանդեպ: Ժամանակն է լուրջ վերաբերվել վայրի բնության նկատմամբ հանցավորությանը:

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում Նեմցովի հուշարձանը կարող է տեղադրվել 10 տարի հետո’
Հաջորդ հոդվածը‘Նեմցովի սպանության առանցքային վկան Մոսկվայից մեկնել է Կիև’