ՄԱԿ-ը կոչ է անում ապասառեցնել Աֆղանստանի ակտիվները

495

Առանց տնտեսական օգնության՝ Աֆղանստանը «մի քանի սերնդով ետ կգլորվի»․ Անվտանգության խորհրդի նիստում նման նախազգուշացում է արել  այդ երկրում ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դեբորա Լայոնսը։

Կազմակերպությունը միջազգային հանրությանը  հորդորել է հատկացնել թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո արգելափակված միջոցները՝ հումանիտար աղետից խուսափելու համար։

«Միանգամայն հասկանալի է «Թալիբանի» վարչակազմին, ըստ էության, միջոցներ չհատկացնելու նպատակը։ Սակայն դրա անխուսափելի հետևանքը կլինի լրջագույն տնտեսական անկումը, որը միլիոնավոր մարդկանց սովի ու աղքատության կմատնի, փախստականների հոսք կառաջացնի Աֆղանստանից և իսկապես այդ երկիրը մի քանի սերնդով ետ կշպրտի»,- Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ բանագնացը։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը Վասիլի Նեբենզյան նույնպես հայտարարել է, որ Աֆղանստանը պետք է կարողանա օգտվել սառեցված ակտիվներից։

«Թալիբանի» իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը սառեցրել է Աֆղանստանի ակտիվները, իսկ ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը և Եվրամիությունը կասեցրել են այդ երկրում նախագծերի ֆինասավորումը։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըChampions Showdown․ Լեւոն Արոնյանը պարտվեց Գարի Կասպարովին
Հաջորդ հոդվածըUS Open. 18-ամյա Ռադուկանուն եւ 19-ամյա Ֆերնանդեսը եզրափակիչում են