‘ՄԱԿ-ը պարզաբանում է, թե ինչու Ռուսաստանի խաղաղապահները չեն կարող մեկնել Հոլանի բարձունքներ’

968

Ռուսաստանը չի կարող իր խաղաղապահներին ուղարկել Հոլանի բարձունքներ, քանի որ անջատման համաձայնագիրը և Սիրիայի ու Իսրայելի միջև կնքված արձանագրությունը թույլ չեն տալիս ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ երկրներին ընդգրկվել UNDOF-ի (անջատման վերահսկողության ուժեր) կազմում, հաղորդում է РИА Новости-ն:

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Հոլանի բարձունքներից հեռացող ավստրիական խաղաղապահ ուժերին կարող են փոխարինել ռուսաստանցի զինվորականները: Նա նշել էր, որ խաղաղապահները Իսրայելի և Սիրիայի սահմանային ապառազմականացված գոտի կմեկնեն, եթե «տարածաշրջանի տերությունները շահագրգռված են դրանում», և եթե «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խնդրի դա անել»:

Ավստրիական խաղաղապահ ուժերի 377 խաղաղարարների դուրսբերումը Հոլանի բարձունքներից սկսվել է տարածաշրջանում իրավիճակի սրման պատճառով: Այնտեղից իրենց զորակազմերը մտադիր են դուրս բերել նաև Խորվաթիան և Ճապոնիան, այնպես որ՝ կմնան Ֆիլիպինների, Հնդկաստանի, Մարոկկոյի և Մոլդովայի խաղաղապահ ուժերը: UNDOF առաքելության ընդհանուր զորակազմը մոտավորապես հազար մարդ է:

ՄԱԿ-ի ուժերը Հոլանի բարձունքներում բաժանարար գծի վերահսկողության ուժեր են տեղակայել 1974 թվականից՝ մի կողմից՝ Իսրայելի , և մյուս կողմից՝ Սիրիայի և Եգիպտոսի միջև տեղի ունեցած «Դատաստանի օրվա պատերազմի» ավարտից հետո, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Իսրայելի հայեցողությանն է թողնում Իրանին հարվածելու որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը Սուրիկ Խաչատրյանին թիկնապահ է տրամադրել’