‘ՄԱԿ-ը սիրիահայերին կտրամադրի 16 կգ պարենային զամբյուղ’

1025

Միացյալ ազգերի կազմակերպությունը Հայաստանում սիրիահայերի պարենային օժանդակության նոր ծրագիր կիրականացնի: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի փոխտնօրեն Ալեքսան Քարադանայանը` տեղեկացնելով, որ ՄԱԿ-ի ամենամսյա ծրագիրը շուտով կմեկնարկի, և դրա շրջանակում Հայաստան տեղափոխված յուրաքնաչյուր սիրիահայի կհատկացվի 16կգ քաշով պարենային զամբյուղ: «Այնտեղ կլինի բուսական ձեթ, բրինձ, մակարոն և առաջին օգտագործման պարենամթերք»,-նշել է կենտրոնի փոխտնօրենը:

Սիրիայում տիրող քաղաքական ճգնաժամի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերը ՄԱԿ-ի կողմից դրամական օգնություն չեն ստանում, քանի որ նրանք Հայաստանում գրանցված չեն որպես փախստականներ: ՄԱԿ-ը Լիբանան տեղափոխված սիրիացիներին տրամադրում է ամսական 30 ԱՄՆ դոլար, սակայն, ինչպես նշեց Ալեքսան Քարադանայանը, սիրիահայերը Հայաստանում ստացան հայկական անձնագրեր և համարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: «ՄԱԿ-ը Լիբանան տեղափոխված սիրիացիներին տրամադրում է ամսական 30 ԱՄՆ դոլար, քանի որ նրանք այդ երկրում ապրում են փախստականի կարգավիճակում: Հայաստանում սիրահայերն իրենց հայրենիքում են և կարող են օգտվել այն բոլոր հնարավորություններից, որոնք ստեղծված են հայաստանաբնակ հայերի համար»,-ասել է Ալեքսան Քարադանայանը: Նա տեղեկացրել է, որ սիրիահայերի մի մասն այստեղ ունի սեփական բնակարան: Ովքեր ապահովված են ֆինանսապես, կարողանում են վարձակալել, իսկ ֆինանսապես անապահով սիրիահայերի համար պետությունն անվճար հիմունքներով հատկացրել է բնակելի տարածքներ, որոնք գտնվում են Երևանի արվարձաններում:

Այս պահին Հայաստանում ապրում է մոտ 10 հազար սիրիահայ: Վերջին շրջանում նրանք Հայաստան են գալիս ոչ թե Սիրիայից, այլ Լիբանանից, քանի որ փակ են բոլոր ճանապարհները: Մեկուկես տարվա ընթացքում 15 հազար սիրիահայ է եկել Հայաստան, նրանցից ավելի քան 5 հազարը վերադարձել է Սիրիա, իսկ մի մասը` Եվրոպա: 

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանը հաստատել է, որ Փոստանջյանին հարց տալու հնարավորություն է տվել’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեն ողջունում է Հայաստանի հետ վիզային ռեժիմը պարզեցնելու Եվրախորհրդարանի որոշումը’