‘ՄԱԿ-ը ցանկանում է պաշտպանել Երկիրը վտանգավոր աստղակերպներից’

1124

ՄԱԿ-ն առաջարկում է ստեղծել աստերոիդների և ուրիշ վտանգավոր օբյեկտների մասին նախազգուշացնող միջազգային ցանց: Այս օրերին Վիեննայում տեղի է ունենում խաղաղ նպատակներով տիեզերական տարածքն օգտագործելու հարցերով  ՄԱԿ-ի հանձնաժողովի գիտատեխնիկական ենթահանձնաժողովի նստաշրջանը, որի մասնակիցները քննարկում են Երկրին մոտեցող մարմինների խնդիրները: Փորձագետների կարծիքով՝ այսօր հնարավոր է կանխարգելել այդ օբյեկտների և Երկրի բախումը, եթե ճիշտ ժամանակին միջոցներ ձեռնարկվեն այդ ուղղությամբ: Այսինքն՝ Երկրի և աստղակերպների ու այլ վտանգավոր օբյեկտների միջև բախումից  խուսափելը հանգում է նրան, որ կարողանաս ժամանակին հայտնաբերել այդ օբյեկտը, գնահատես բախման հավանականությունն ու ռիսկը և որոշում կայացնես, թե ինչ գործողությունների ես դիմելու վտանգի դեպքում, հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը:  

Ի դեպ, նախօրեին 2012 DA14 աստղակերպն անցավ մեր մոլորակի մոտով և նրան վնաս չպատճառեց: Լողավազանի մեծության երկնային մարմինն անցավ Ինդոնեզիայի վրայով 28 հազար կմ բարձրությամբ, հայտնել են NASA-ից: Երբևէ աստերոիդն այդքան չէր մոտեցել Երկրին, ու եթե այն վայր ընկներ, կարող էր ոչնչացնել մի մեծ քաղաք: Պայթյունի հզորությունը հազար անգամ կգերազանցեր Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը: Սակայն տիեզերական գործակալության մասնագետները հենց սկզբից էլ բացառել էին բախման հնարավորությունը, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը կշարունակի բանակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով’