‘ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում աջակցել Իրաքի կառավարությանը’

898

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստում քննարկել է իրավիճակն Իրաքում, որտեղ էթնիկ և կրոնական փոքրամասնության հարյուր հազարավոր ներկայացուցիչներ ստիպված են փախչել «Իսլամական պետություն» խմբավորման իսլամիստների հարձակումից:

Անվտանգության խորհրդի անդամները միջազգային հանրությանը կոչ են արել աջակցել Բաղդադի կառավարությանը:

ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է հրապարակել, որում դատապարտում է «Իսլամական պետության» գրոհայինների գործողությունները. իսլամիստները  հետապնդում են բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ընդունել իրենց ծայրահեղական գաղափարախոսությունը:

Անցած օրվա ընթացքում իսլամիստները գրավել են Իրաքի հյուսիսում Բահդիդա քաղաքը, որը համարվում է քրիստոնյաների մայրաքաղաքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ խիստ անհանգստացած է Իրաքի իրավիճակով:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը  միջազգային հանրությանն է դիմել կրակոտ կոչով՝ ամեն ինչ անել ճգնաժամի կարգավորման համար:

ԱՄՆ-ը նախազգուշացրել է, որ իրաքցի փախստականների հետ կապված իրավիճակը կարող է վերաճել հումանիտար աղետի:

Առնվազն 50 հազար եզդիներ (քրդական էթնիկ-կրոնական խումբ) ստիպված են եղել քաշվել սարերը, երբ իսլամիստների ձեռքն է անցել Սինջար քաղաքը:

Հարյուրավոր քրիստոնյա ընտանիքներ հեռացել են Մոսուլից, երբ իսլամիստները նրանց վերջնագիր են ներկայացրել՝ կամ ընդունել իսլամ, կամ մեռնել: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի խաղերի ժամանակ թույատրել է սփրեյի օգտագործումը’
Հաջորդ հոդվածը‘Դատապարտյալի նամակը՝ ՔԿՀ-ից. «Առանց բավարար ապացույցների դատապարտվել եմ 9 տարվա ազատազրկման» ‘