‘ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Եգիպտոսում’

816

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի և Թուրքիայի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ փակ նիստ է անցկացրել, որտեղ քննարկվել է Եգիպտոսում ստեղծված իրավիճակը: Նիստից հետո Անվտանգության խորհրդի անդամները Եգիպտոսի հակամարտության կողմերին կոչ են արել առավելագույն զսպվածություն հանդես բերել և հայտարարել են արյունահեղությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին:  Նախաձենող բոլոր երկրներն էլ ավելի վաղ հանդես են եկել ցուցարարների դեմ ուժ կիրառելու փաստի խիստ քննադատությամբ: Թուրքիան, որ ամենասուրն է արձագանքել Մուրսիի տապալմանը, Կահիրեի իրադարձությունները որակել է «ցեղասպանություն սեփական ժողովրդի հանդեպ» և իր դեսպանին ետ է կանչել Եգիպտոսից: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պարզաբանումների համար իր մոտ է կանչել իրենց դեսպանին և հայտարարել, թե «ամեն ինչ պետք է անել՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար»:

Անվտանգության խորհրդի հանդիպումը խորհրդանշական բնույթ է կրել՝ ցույց տալու, որ միջազգային հանրությունը համերաշխ է Եգիպտոսի դեպքերը դատապարտելու հարցում, նշում է ՄԱԿ-ում BBC-ի թղթակիցը:

Բռնությունները Եգիպտոսում ավելի վաղ դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հայտարարելով, որ հետաձգվում են Եգիպտոսի բանակի հետ համատեղ զորավարժությունները: Այնուհանդերձ՝ ԱՄՆ-ն չի դադարեցնում Եգիպտոսին ամեն տարի հատկացվող 1,3 միլիարդ դոլար ֆինանսական օգնությունը:

Իսկ Կահիրեում «Մուսուլման եղբայրները» կոչ են արել իրենց կողմնակիցներին այսօր փողոց դուրս գալ՝ բողոքի այդ ակցիան անվանելով «Միլիոնների զայրույթի երթ», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Արոնյան-Լիսի զույգի հաղթողը կվճռվի լրացուցիչ խաղում’
Հաջորդ հոդվածը‘Երեւանում այսօր չորս հեծանվային կանգառ կտեղադրվի’