‘ՄԱԿ-ի ԱԽ-ն Հարավային Սուդանում ռուսաստանցի օդաչուների սպանությունը դատապարտող բանաձև է ընդունել’

778

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի բանաձև է ընդունել, որով դատապարտում է Հարավային Սուդանում Միացյալ ազգերի կազմակերպության առաքելության հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող ռուսաստանյան  Ми-8 ուղղաթիռի հետ կապված միջադեպը: Փաստաթղթում, որի համահեղինակներից են ՌԴ-ն, Ադրբեջանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան,  Անվտանգության խորհրդի անդամները վճռականորեն դատապարտում են «Միացյալ ազգերի կազմակերպության խաղաղարարների նկատմամբ բռնության բոլոր տեսակի գործողություններն ու սպանությունները, այդ թվում՝ վերջերս Հարավային Սուդանում ՄԱԿ-ի ուղղաթիռի հետ կապված միջադեպը»: Բանաձևում հատուկ ընդգծված է «նման հարձակումների մեղավորներին պատասխանատվության կանչելու անհրաժեշտությունը»: Խաղաղարարների նկատմամբ հաճախակի դարձած հարձակումների առնչությամբ  Անվտանգության խորհրդի անդամները ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին կոչ են արել «բոլոր միջոցները ձեռք առնել՝ տեղերում անվտանգությունն ապահովելու և բոլոր ռազմական ստորաբաժանումների, ոստիկանության աշխատակիցների, ռազմական դիտորդների ու հատկապես անզեն անձնակազմի պաշտպանության և անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին Հարավային Սուդանի Հանրապետությունում խփվել էր ռուսաստանյան ավիաընկերության  Ми-8 ուղղաթիռը, և անձնակազմի չորս անդամները զոհվել էին: Հարավային Սուդանի պաշտոնական ներկայացուցիչները խոստովանել էին, որ զինվորականներն ուղղաթիռին հարվածել են սխալմամբ, թեև նրանք սահմանված կարգով տեղեկացված են եղել պլանավորված թռիչքի մասին, հաղորդում է    ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ռեյնան ուրախությամբ կվերադառնա «Բարսելոնա»’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ն աֆղանական թմրասպառնալիքին դիմակայելու առաջարկ է արել’