‘ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սաուդյան Արաբիայի փոխարեն կլինի Հորդանանը’

728

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի տեղը, որից հրաժարվել էր Սաուդյան Արաբիան, կզբաղեցնի Հորդանանը: Այդ մասին այսօր հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի անանուն մի պաշտոնյայի: Գործակալության աղբյուրի տեղեկացմամբ՝ Հորդանանի ներկայացուցիչն արդեն մեկնել է Նյու Յորք, որպեսզի բանակցություններ վարի թագավորության նոր կարգավիճակի շուրջ: Հորդանանի թեկնածությունը դեռևս պետք է հաստատվի Գլխավոր ասամբլեայի կողմից, սակայն այլ հավակնորդների բացակայության պատճառով քվեարկության արդյունքներն արդեն իսկ կանխորոշված են, նշում է լրատվական գործակալությունը:

Հիշեցնենք. Գլխավոր ասամբլեան Սաուդյան Արաբիան ընտրել էր որպես ԱԽ ոչ մշտական անդամ դեռևս հոկտեմբերի 17-ին, սակայն մեկ օր անց այդ երկրի արտգործնախարար Սաուդ ալ-Ֆեյսալը հայտարարեց, որ իր թագավորությունը հրաժարվում է այդ տեղից: Ինչպես պարզաբանեց Էր-Ռիադը՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն «ընդունակ չէ դադարեցնել պատերազմները և լուծել հակամարտությունները», իսկ երկակի ստանդարտներն ու աշխատանքի մեխանիզմները ոչնչացնում են աշխարհում խաղաղություն հաստատելու նրա բոլոր ջանքերը: Սաուդյան Արաբիայի դժգոհության հիմնական պատճառը անկարողությունն էր  Սիրիայում ավելի քան երկու տարի ձգվող քաղաքացիական պատերազմին և պաղեստինա-իսրայելական հակամարտությանը վերջ դնելու հարցում: Բացի այդ, ՄԱԿ-ին այդպես էլ չհաջողվեց համաժողով հրավիրել՝ Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտի ստեղծելու հարցով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 15 տեղերից հինգը զբաղեցնում են մշտական անդամները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա: Մնացած տասը ոչ մշտական անդամների տեղերը երկու տարին մեկ բաշխվում են ռոտացիոն սկզբունքով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Նոր արագաչափեր ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանի քաղաքապետարանի ջանքերով մայրաքաղաքն աստիճանաբար վերածվում է «պոտյոմկինյան գյուղի»’