‘ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իսրայելից պահանջել է դադարեցնել սիրիական Գոլանի բարձունքների օկուպացիան’

886

ՄԱԿ-ի ԳԱ-ն հերթական անգամ Իսրայելից պահանջել է դադարեցնել մինչև 1967 թ. սիրիական տարածքի մի մասը հանդիսացող Գոլանի բարձունքների օկուպացիան: ԳԱ բանաձևում, որը ուրբաթ օրն ընդունվել է ձայների մեծամասնությամբ, նշվում է, որ այդ տարածքների «անեքսիան գայթակղության քար է տարածաշրջանում  արդարացի, համատարած և ամուր խաղաղություն հաստատելու ճանապարհին»:

Փաստաթուղթն արժանացել է ՄԱԿ-ի 193 անդամ-պետություններից 110-ի հավանությանը, դեմ է արտահայտվել վեց երկիր, այդ թվում՝ Իսրայելը, ԱՄՆ-ը և Կանադան: Բանաձևը «պահանջում է, որպեսզի Իսրայելը, ի կատարումն Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի, սիրիական Գոլանի բոլոր բարձունքներից» ետ քաշվի մինչև  ճակատի այն գիծը, որտեղ գտնվել են իր զորքերը 1967 թ. հունիսի 4-ի դրությամբ:

Բացի այդ՝ ԳԱ-ն «անվավեր և  իրավական ուժ չունեցող» է համարել, այսպես կոչված՝ «Գոլանի բարձունքների վերաբերյալ» օրենքը, որն Իսրայելի խորհրդարանն ընդունել է 1981 թ.: Ուրբաթ օրն ընդունված բանաձևում նշվում է, որ Իսրայելը պարտավոր է չեղյալ հայտարարել այդ օրենքը, ինչպես նաև կոչ է արվում «վերսկսել բանակցությունները սիրիական և լիբանանյան ուղղություններով»՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:

Սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելը գրավել է 1967 թ. Վեցօրյա պատերազմի ընթացքում և 14 տարի անց միակողմանիորեն ինքնավարություն է հռչակել այդ տարածքում: 1974 թվականից Գոլանում տեղակայվել են ՄԱԿ-ի ուժերը՝ սիրիական և իսրայելյան զորքերի բաժանման գիծը հսկողութւյան տակ պահելու համար: Այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ՝ այդ զորակազմի մեջ էին մտնում 1034 խաղաղարարներ և ավելի քան 100 քաղաքացիական աշխատողներ:

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ երկկողմ բանակցությունների’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ում բռնում` «դաբրո» է մուրում’