‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդունեց Էդվարդ Նալբանդյանին’

1014

Հոկտեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Ինչպես ilur.am-ին հաղորդեցին ՀՀ Արտգործնախարարությունից, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Բան Կի-մունը խնդրեց իր բարեմաղթանքները փոխանցել Սերժ Սարգսյանին և նշեց, որ Հայաստանը աչքի է ընկնում իր ակտիվ արտաքին քաղաքականությամբ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց մարդասպան Սաֆարովի ազատ արձակումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և կազմակերպության այլ կառույցների կողմից միանշանակ արձագանքները:

Հանդիպմանը Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի առջև ծառացած խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի, Հազարամյակի զարգացման և կայուն զարգացման նպատակների իրականացման շուրջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Կոպենհագենի և Դուրբանի գագաթաժողովների լույսի ներքո կարևորեց մինչև 2015 թ. կլիմայական փոփոխությունների վերաբերյալ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանի համընդհանուր պարբերական զեկույցի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործընթացին:

Բան Կի-մունը գոհունակություն հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի աշխատանքներին ՀՀ իշխանությունների կողմից ցուցաբերվող աջակցության համար:

 

Նախորդ հոդվածը‘Տիտո Վիլանովա. Մեր համար հեշտ չի լինելու’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչ. Մեսին չպետք է ստանա «Ոսկե գնդակը»’