‘ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ’

866

2014 թ. Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշվում է Զարգացող փոքր կղզի-պետությունների միջազգային տարվա ընթացքում: Այս տարին Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է բոլորի համար կայուն ապագայի կերտման ուղիների շուրջ համաշխարհային քննարկումների շրջանակներում՝ այս խայտաբղետ կոալիցիայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Աշխարհի փոքր կղզի-պետությունները, որոնք բոլորը միասին տուն են հանդիսանում ավելի քան 63 միլիոն մարդու համար, հայտնի են իբրեւ արժեքավոր նպատակակետեր. դրանք ամբողջ աշխարհում բարձր գնահատվող արտակարգ բնական գեղեցկություն, գունեղ մշակույթ եւ երաժշտություն ունեցող վայրեր են: Թեպետ ընդհանուր առմամբ փոքր չափեր ունեն, սակայն փոքր կղզի-պետությունների տարածքի չափը չի արտացոլում դրանց կարեւորությունը՝ որպես ցամաքում եւ ծովում բնության հարստության կառավարիչներ: Կղզի-պետությունները կարեւոր դեր ունեն օվկիանոսների պաշտպանության հարցում, եւ դրանցից շատերը կենսաբազմազանության շատ հանրահայտ կետեր են, որոնց տարածքում է մեր մոլորակի բուսական ու կենդանական ամենհարուստ շտեմարանների մի մասը:

Չնայած այս արժեքավոր որակներին՝ զարգացող փոքր կղզի-պետությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների: Այդ պետությունների զգալի մասի պարագայում հեռավորությունն ազդում է մատակարարման համաշխարհային շղթայի մաս լինելու կարողության վրա, մեծացնում ներկրման ծախսերը, հատկապես՝ էներգակիրների դեպքում, եւ սահմանափակում մրցունակությունը զբոսաշրջային արդյունաբերության մեջ: Փոքր կղզի-պետություններից շատերն ավելի ու ավելի խոցելի են դառնում կլիմայի փոփոխությունների ազդեցության նկատմամբ՝ սկսած ավերիչ փոթորիկներից, մինչեւ ծովի մակարդակի բարձրացման վտանգ:

Զարգացող փոքր կղզի-պետությունների մասնակցությունը կլիմայի փոփոխության հարցում փոքր է: Ջերմոցային գազերի արտանետման նրանց համադրված տարեկան ծավալը համաշխարհային ընդհանուր արտանետումների մեկ տոկոսից էլ փոքր է, սակայն առաջնային գծերում լինելու հանգամանքը շատերին մղել է 2015 թ. ստորագրվելիք՝ կլիմայի վերաբերյալ նոր համաշխարհային իրավական համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջնային դիրքեր: Այլ պետություններ էլ առաջատար դիրք ունեն աղետներին դիմակայելու եւ դրանց կանխարգելման պատրաստվածության հարցում կամ աշխատանք են տանում կլիմայի չեզոքության հասնելու ուղղությամբ՝ վերականգնվող էներգիայի կիրառման եւ այլ մոտեցումների միջոցով:

Փոքր կղզի-պետությունները կիսում են այն համընդհանուր գիտակցությունը, որ պետք է մեր մոլորակը տեղափոխենք կայուն ուղի: Սրա համար պահանջվում է բոլոր երկրների հասարակական բոլոր հատվածների ներգրավում: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը ամբողջ աշխարհից միլիոնավոր անհատներ, համայնքային խմբեր եւ ձեռնարկություններ մասնակցում են տեղական ծրագրերին՝ սկսած մաքրման արշավներից մինչեւ ցուցահանդեսներ ու ծառատունկի նախաձեռնություններ: Այս տարի ես բոլորին հորդորում եմ խորհել զարգացող փոքր կղզի-պետությունների կացության մասին եւ ոգեշնչվել նրանց ջանքերից՝ լուծում տալու կլիմայի փոփոխության խնդրին, ամրապնդելու դիմակայունությունը եւ աշխատելու հանուն կայուն ապագայի: Բարձրացրեք ձեր ձա՛յնը, այլ ոչ թե ծովի մակարդակը: Երկիր մոլորակը մեր համատեղ կղզին է: Եկեք միավորենք ուժերն այն պաշտպանելու համար:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար Ստեփանավան — Տաշիր ավտոճանապարհին. կա տուժած’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ նախագահ. Ստատուս քվոն ընդունելի տարբերակ չէ’