‘ՄԱԿ-ի զեկույցը՝ «Սիրիայի ապագան. փախստական երեխաները ճգնաժամ են ապրում»’

873

Ուրբաթ օրը հրապարակվել է ՄԱԿ-ի  փախստականների գործերով գլխավոր հանձնակատարի վարչության զեկույցը՝ «Սիրիայի ապագան. փախստական երեխաները ճգնաժամ են ապրում», որում ամփոփված են օտարության մեջ հայտնված սիրիացի երեխաների վիճակը նկարագրող հետազոտությունների արդյունքները:  Փախստականների գործերով գլխավոր հանձնակատար Անտոնիու Գուտերիշի խոսքով, որը շրջագայում է Մերձավոր Արևելքում, գրեթե 3 միլիոն սիրիացիներ, փախչելով պատերազմից, ապաստան են գտել հարևան երկրներում: Միայն Լիբանանում փախստականների թվում կա ավելի քան 400 հազար երեխա: «Այն, ինչ կատարվում է հենց միայն Լիբանանում, կարելի է պատկերացնել՝ այդ երկրի բնակչության համամասնությունը համեմատելով այլ երկրների հետ: Այսպես, Գերմանիայի համար դա կնշանակեր 18 միլիոն փախստական, իսկ ԱՄՆ-ի համար՝ 56 միլիոն: Ուստի միանգամայն ակնհայտ է, որ լիբանանցիները և սիրիացի փախստականները օգնության սուր կարիք են զգում»,- ասել է Անտոնիու Գուտերիշը:

Զեկույցի հեղինակները տեղեկացնում են, որ սիրիացի փախստական երեխաների մեծ մասը դպրոց չի հաճախում, սովորում է ընդամենը նրանց 20 %-ը: Գուտերիշն ընդգծել է, որ «հումանիտար խնդիրն ավելի ու ավելի է խորանում, և արդեն ժամանակն է, որ միջազգային հանրությունը գիտակցի սիրիացի փախստականներին ընդունող երկրների ֆինանսական աջակցությունը մեծացնելու անհրաժեշտությունը», փոխանցում է ewronews-ը:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի պատվիրակությունը շարունակում է հանդիպումները Լոնդոնում ‘
Հաջորդ հոդվածը‘Անգամ պաշտոնական թվերով՝ նոյեմբերին թանկացումներ են եղել’