‘ՄԱԿ–ի մասնագետ. Հայաստանը ժողովրդագրական լուրջ խնդիրներ ունի, բնակչությունը ծերանում է’

2055

Հայաստանում ժողովրդագրական վիճակը բնութագրող երեք հիմնական ուղղություններում՝ ծնելիություն, միգրացիա և ծերացում, Հայաստանը լուրջ խնդիրներ ունի, ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Նա նշեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում ծնելիությունը 2 անգամ անկում է ապրել։

«Մենք արդեն 12%–ից ավելի ծերացած ազգաբնակչություն ունենք և պատկանում ենք ծերացող ազգաբնակչություն ունեցող երկրներին։ Այն կանխատեսումներով, որ այսօր գոյություն ունեն, մոտավորապես 2020-2024թթ-ին մեր 60-ից ավելի տարիք ունեցող ազգաբնակչության թիվը կհասնի մոտ 20%-ի, ինչի հետևանքով մեր երկրի բնակչությունը կհամարվի ծերացած»,-ասաց նա և հավելեց, որ ամեն տարի Հայաստանից հեռանում է բնակչության շուրջ 1%-ը ինչը բարձր ցուցանիշ է մեր երկրի բնակչության հետ համեմատած։

Հարցին, թե արդյոք հղիության ընդհատումների արգելումը կբերի ծնելիության աճի, Գարիկ Հայրապետյանը նշեց, որ այն երբեք իր դրական ազդեցությունը չի ունեցել՝ ավելին, հանգեցրել է մայրական մահացությունների ավելացման։

«Պետք է դրականորեն փաստել, որ վերջին 10 տարիներին Հայաստանում աբորտից կին չի մահացել։ Սա շատ կարևոր հանգամանք է։ 2000թ-ից մոտ 3 անգամ անկում է ապրել մայրերի մահացությունների թիվը»,- ասաց նա։

Գարիկ Հայրապետյանը խնդիր համարեց երեխայի սեռով պայմանավորված աբորտները և նշեց, որ հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանը աշխարհում երրորդ տեղն է գրավում այս ուղղությամբ՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։

«Բայց առաջինն ենք որոշ մարզերում՝ Շիրակի և Գեղարքունիքի։ Այստեղ 126 տղա է ծնվում 100 աղջկա հետ համեմատած։ Բայց նորման պետք է լինի 104-106 աղջիկ։ Սրա հետևանքով մոտ 15-20 տարի հետո մոտավորապես 93 հազ. մայր չի ծնվի այս տարիներին, եթե նման տենդենց շարունակվի, ապա ազգաբնակչությունը ևս 80 հազ.-ով կպակասի, քան եթե չունենայինք այդ խնդիրը»,- ասաց նա։

Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ սեռով պայմանավորված աբորտները չի կարելի կտրուկ արգելել, քանի որ դա կհանգեցնի կոռուպցիայի աճին, քանի որ բժիշկները ավել գումար կվերցնեն ու կասեն երեխայի սեռը։

«Մեր խնդիրը ավելի շատ այն է, որ ազգաբնակչությանը հասկացնել, որ աղջիկ երեխայի արժեքը ոչ մի բանով ավելի պակաս չէ, քան տղայինը։ Մանավանդ այսօր տան հաց աշխատողը պարտադիր չէ, որ տղան լինի»,- ասաց նա։

Նախորդ հոդվածը‘«Տոտենհեմն» էլ է Մխիթարյանի հետ բանակցություններ վարում. Sky Sport’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ակտիվիստների գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը ուղարկվել է բոլոր կողմերին’