‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կ. Նազարյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը’

724

Երեկ՝ օգոստոսի 6-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել «ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային/ենթատարածաշրջանային կազմակերպությունների միջեւ համագործակցությունը միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման գործում» խորագրով քննարկում: Այս մասին հաղորդում է Hetq.am-ը՝ հղում անելով ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությանը: 

Վարչության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Քիրշների նախագահությամբ տեղի ունեցած այս քննարկմանը ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, մի շարք անդամ պետությունների արտգործնախարարներ ու դեսպաններ, ինչպես նաեւ տարածաշրջանային կազմակերպությունների (Աֆրիկյան Միություն, ԵՄ, Արաբական պետությունների լիգա, Հարավամերիկյան պետությունների միություն, Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի պետությունների ընկերակցություն) ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, ողջունում է ՄԱԿ-ի եւ ՀԱՊԿ միջեւ ընդլայնվող երկխոսությունն ու սերտ գործընկերությունը՝ ուղղված տարածաշրջանային մարտահրավերների դիմակայման նպատակով փոխադարձ կապերի ամրապնդմանը, մասնավորապես՝ անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում:

Դեսպան Նազարյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը՝ նշելով, որ միջազգայնորեն համաձայնեցված այս ձեւաչափով շարունակվող բանակցությունները հակամարտության կողմերի միջեւ 1994թ. ստորագրված հրադադարի պահպանման գլխավոր նախադրյալներից են:

Տեղեկացնելով, որ Հայաստանն ընթացիկ տարվա մայիս ամսից ստանձնել է ՄԱԿ-ի առանցքային գործընկեր հանդիսացող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի նախագահությունը, Կարեն Նազարյանը նշել է, որ Հայաստանը տարածաշրջանային միջկառավարական այս կազմակերպությունում իր նախագահության առաջնահերթություններ է սահմանել ռասիզմի, խտրականության, քսենոֆոբիայի, անհանդուրժողականության, ահաբեկչության եւ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության խթանումը, օրենքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդումը` հարցեր որոնք առաջնային են համարվում նաեւ ՄԱԿ-ի ու ԵԽ-ի անդամ պետությունների համար:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը կոչ է արել խրախուսել եւ սատարել այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են գործընկերների միջեւ կապերի ընդլայնմանը, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության նոր եզրեր գտնելուն` հանուն միջազգային խաղաղության եւ անվտանգության:  

Նախորդ հոդվածը‘Նարեկ Սարգսյանը ազատվել է պաշտոնից. Շահերի բախում, թե՞ պաշտոնի բարձրացում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանցիները Վրաստան այցելող օտարերկրացիների թվում առաջատար են’