‘ՄԱԿ-ում ՀՀ դեսպան. Հակամարտությունների կարգավորման ձգձգումը վերսկսման լրջագույն սպառնալիքներ է պարունակում ‘

805

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացել է 2012թ. վերջին բաց քննարկումը՝ նվիրված «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմային, որի ընթացքում զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի դեսպանը, հանդես են եկել տվյալ թեմային առնչվող ելույթներով, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը: 

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ կարգավորման գործընթացների ձգձգումը ոչ միայն վնասում է տարածաշրջանային համագործակցությունը եւ մեծապես սահմանափակում խաղաղաշինությանը միտված ջանքները, այլ նաեւ պարունակում է հակամարտությունների վերսկսման լրջագույն սպառնալիքներ:

«Հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանը հնարավորություն է ընձեռնում խաղաղարար գործընթացի միջոցով կայուն զարգացման հիմքեր ստեղծել մեր տարածաշրջանում, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք ու վճռականություն», — ասել է դեսպանը:

Նա նշել է նաեւ, որ Անվտանգության խորհուրդը հաճախակի է անդրադառնում նշված թեմային՝ դրանով իսկ կարեւորելով խաղաղաշինության գործընթացների եւ մեխանիզմների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու հակամարտությունների վերսկսումը, եւ որոնք հանդիսանում են հարատեւ անվտանգության եւ կայունության, խաղաղության ու զարգացման անհրաժեշտ նախադրյալներ: 

2005թ. դեկտեմբերի 20-ին ի կատարումն ՄԱԿ-ի գագաթաժողովի որոշման ԱԽ-ի եւ ԳԱ-ի որոշմամբ ստեղծվեց ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովը, որը միջկառավարական խորհրդատվական մարմին է: ՄԱԿ-ում գործում է նաեւ Խաղաղաշինության հիմնադրամը եւ Խաղաղաշինության աջակցման գրասենյակը, որոնք իրենց գործունեությունը կազմակերպում եւ համակարգում են կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային ֆինանսական հաստատությունների, դոնորների ու տարածաշրջանային դերակատար կառույցների հետ:

Նախորդ հոդվածը‘Յոհան Կրոյֆ. Մարդիկ պարզապես չեն հասկանում Վենգերի մեծությունը’
Հաջորդ հոդվածը‘Միայն չորս օրվա ընթացքում բնությանը հասցվել է 17.1մլն դրամի վնաս ‘