ՄԱԿ-ում մտահոգված են փախստականների կոնվենցիայի խախտման փորձերի կապակցությամբ

580

ՄԱԿ-ի՝ փախստականների գործերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին տագնապ է հայտնել մի քանի երկրների կողմից Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան խախտելու փորձերի կապակցությամբ։ Այդ փաստաթուղթն ընդունելու 70-ամյակի առթիվ Ժնևում տարածված հայտարարության մեջ Գրանդին շեշտել է փաստաթղթի կարևորությունը համավարակի պայմաններում։

«Այդ կոնվենցիայի շնորհիվ միլիոնավոր կյանքներ են փրկվել։ 70 տարի անց էլ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը պաշտպանի դրա սկզբունքները»։ Գլխավոր հանձնակատարի խոսքով՝ այդ փաստաթուղթը գործունակ է «աննախադեպ մարտահրավերների և այնպիսի արտակարգ իրադրությունների ժամանակ, ինչպիսին Covid-19-ի համավարակն է»։

Գրանդին մտահոգութուն է հայտնել վերջերս «որոշ կառավարությունների կողմից կոնվենցիան անտեսելու փորձերի կապակցությամբ», ինչն արտահայտվել է փախստականներին և ապաստան հայցողներին վռնդելով կամ նրանց հարկադրաբար տեղափոխությամբ երրորդ երկրներ։

Փախստականների կարգավիճակի վերաբերյալ կոնվենցիան ընդունվել է 1951 թ․ հուլիսի 28-ին լիազոր ներկայացուցիչների Ժնևյան համաժողովում, որն ստեղծվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Այդ փաստաթղթում առաջին անգամ բնութագրվել է «փախստական» հասկացությունը՝ դա այն անձն է, որը լքել է իր երկիրը՝ «ռասայի, դավանանքի, քաղաքացիության, սոցիալական որոշակի խմբի պատկանելիության կամ քաղաքական համոզմունքների կապակցությամբ հետապնդման ենթակվելու հիմնավոր մտավախության պատճառով»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայկական կողմը ունի 4 վիրավոր
Հաջորդ հոդվածըԲայդեն․ Սի Ձինպինը ջանում է ՉԺՀ-ն դարձնել աշխարհի ամենահզոր տերությունը