‘ՄԱԿ. Սիրիայում քիմիական զենք կիրառելու վերաբերյալ բավարար ապացույցներ կան’

805

ՄԱԿ-ի հանձնաժողովը, որը մասնագիտացել է մարդու իրավունքների խախտումները հետաքննելու հարցում, հայտարարել է, թե բավարար ապացույցներ ունի, որ  Սիրիայի տարածքում կիրառվել է քիմիական զենք, հաղորդում է Reuters-ը: Հանձնաժողովի քննիչները, հիմք ընդունելով տուժածների, բժիշկների և ականատեսների վկայությունները, զեկույցում նշել են, որ իրենք ապացույցներ ունեն այն մասին, որ արգելված զենք կիրառվել է թե՛ կառավարական զորքերի և թե՛ ապստամբների կողմից: Սակայն ապացույցների մեծ մասը  վկայում է այն մասին, որ քիմիական զենք կիրառել են կառավարական զորքերը: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է այս տարվա մարտի 19-ի միջադեպին, երբ թունավոր նյութ պարունակող ռազմամթերքի պայթյունի արդյունքում զոհվել էր 16 մարդ, գրեթե 100-ը վիրավորվել էին:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը և ընդդիմադիր գրոհայինները միմյանց մեղադրում են քիմիական զենք կիրառելու մեջ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2011 թ. մարտից Սիրիայում շարունակվող հակամարտության արդյունքում զոհվել է ավելի քան 80 հազար մարդ, փոխանցում է rbk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Կամայականությունների արդյունքում ուսուցիչները չէին ստանում նախատեսված աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի հավաքականը առաջինը նվաճեց 2014թ. աշխարհի առաջնության ուղեգիր’