‘Մահացած կուրսանտի եղբայր. «Առաջին հերթին ինձ է հետաքրքրում, թե իրականում ինչ է կատարվել այնտեղ»’

1127

Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել: Կուրսանտ, պահակային Արմեն Մելքումյանը կրակել էր նույն ինստիտուտի կուրսանտ Սիփան Մովսիսյանի վրա, ինչի արդյունքում Ս. Մովսիսյանը մահացել էր:

Սիփանը բնակվում էր Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասում՝ տնակային պայմաններում: 3 եղբայր են, ապրում են մոր եւ տատիկի հետ: Ս. Մովսիսյանի եղբայրը` Սեւակը, այժմ ծառայում է Լեռնային Ղարաբաղում, զորացրվելու է նոյեմբեր ամսին: Եղբոր խոսքով՝ Սիփանը պահակակետի հերթափոխում է եղել, հետեւել կարգուկանոնին. «Ես ամբողջությամբ տեղյակ չեմ, թե ինչ է տեղի ունեցել, բայց ամեն ինչ կպարզվի, Ա.Մելքումյանը ձերբակալված է»:

Մի քանի օր առաջ կուրսանտի տուն այցելած լրագրողներն ու իրավապաշտպաններն արձանագրել էին մի շարք տարօրինակ դեպքեր: Ինչպես նշում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը, ով անձամբ այցելել է տնակ, տպավորությունն էնպիսին էր, որ ուժեղ հսկողություն էր իրականացվում՝ ինֆորմացիան դուրս չտալու համար. «Այդ ողջ ընթացքում մենք ասես հսկողության տակ լինեինք, բոլորի ուշադրությունը մենք էինք, ամեն քայլ վերահսկվում էր: Կես ժամ մնալուց հետո դուրս եկանք: Էնտեղ էին նաեւ քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաները՝ քաղաքապետ, քաղաքապետարանի աշխատակիցներ, Գուգարաց թեմի առաջնորդ, զինկոմիսարիատի աշխատակիցներ, զինկոմ եւ այլն: Երբ դուրս եկա, մի կին էր մոտենում, նրա հետ խոսելու փորձ արեցի, համաձայնեց: Սկսեց խոսել երեխայից: Դեռ բերանը չբացած՝ երեք կուրսանտ շատ արագ մոտեցան, ընկան տիկնոջ թեւն ու տարան՝ պատճառաբանելով, թե ժամանակը եւ պատշաճ վայրը չէ՝ խոսելու այս տիկնոջ հետ»:

Զինված ուժերում, Արմինե Սադիկյանի պնդմամբ, Լոռու մարզից մահացության շատ դեպքեր են եղել, բայց նման ուշադրություն, նման վերաբերմունք երբեւէ չի եղել. «Ուրախալի է, որ պետական այրերն ուշադրություն են դարձնում նման բաների, բայց երբ դա ընտրողական բնույթ է կրում, կասկածելի է դառնում»,- նշում է Ա. Սադիկյանն ու ավելացնում, որ Սիփանն ապրում էր շատ հասարակ ու ծանր սոցիալական պայմաններում. «Ըստ տարբեր խոսակցությունների՝ կուրսանտը շատ խելոք երեխա է եղել: Դժվարանում եմ պատճառ գտնել՝ ինչու կարող են նման վերաբերմունք դրսեւորել»:

Մահացած կուրսանտի եղբայրը, անդրադառնալով իրավապաշտպաններին եւ լրագրողներին տեղեկություն չտրամադրելու հանգամանքին, ասում է. «Առաջին հերթին ինձ է հետաքրքրում, թե իրականում ինչ է կատարվել այնտեղ»: Հարցին, թե հնարավոր է արդյոք դեպքը սպայակազմի կամ հրամանատարության մեղքով եղած լինի, Սեւակը պատասխանում է. «Եղել է 2 զինծառայողների միջեւ վեճ, եւ հրամանատարությունը կամ սպայակազմը, իմ կարծիքով, որեւէ մեղք չունի, եղել է վիճաբանություն, եղել է կրակոց, հրամանատարը եւ այլ սպաներ այցելել են մեզ, ցավակցել»:

Սիփան Մովսիսյանը դպրոցական վերջին 3-4 տարիներն հաճախել է Վանաձորի Նազիկ Գրիգորյանի անվան մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ «Էվրիկա» հատուկ դպրոց: Դպրոցի տնօրեն Արմեն Ծատուրյանի խոսքով՝ նա բնավորությամբ հանգիստ, հավասարակշիռ, դաստիարակված երեխա էր. «Ուսման մեջ լավ չեմ հիշում, երեւի թե միջին ընդունակությունների էր: Շատ ազնիվ էր ընկերական հարաբերություններում, պարզ ու ընկերական, կիրթ, ուսուցիչներին հարգող: Բոլորը միշտ էլ շատ լավ են արտահայտվել նրա մասին»: Տնօրենի նախաձեռնությամբ, ի հիշատակ դպրոցի նախկին սան Սիփան Մովսիսյանի վառ հիշատակի, երկրորդ հարկում դրվել էր մահացած կուրսանտի նկարն ու թարմ ծաղիկներ, պաստառ՝ «Ես մի բուռն եմ քո հողի, ես մի ծիլն եմ քո արտի, ես մի զարկն եմ քո բազկի» գրությամբ:

Հրաչ Հովհաննիսյան

Տիգրան Սիմոնյան

asparez.am

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիները հավաքվելու են Կոմիտասի «Իդեալ» խանութի դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Մոնսերատ Կաբալյեն Ադրբեջանում պերսոնա նոն գրատա է ճանաչվել’