‘Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր Հովհաննես Բարսեղյանը’

1229

Մահացել է լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Բարսեղյանը:

Հովհաննես Բարսեղյանը ավարտել է Մաստարայի յոթնամյա և Թալինի միջնակարգ դպրոցները: 1938թ. ընդունվել է ԵՊՀ լեզվագրական ֆակուլտետ։ 1941-ին 4-րդ կուրսից զորակոչվել է բանակ, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: Երրորդ անգամ ծանր վիրավորվելուց հետո 1943թ. զորացրվել է, շարունակել ուսումնառությունը և 1944թ. ավարտել համալսարանը: 1945-1948թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

1952թ. պաշտպանել է թեկնածուական, 1981-ին` դոկտորական ատենախոսություն: 1955թ. նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1984-ին` պրոֆեսորի կոչում: 1946-1948թթ. Հովհ.Բարսեղյանը եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի, այնուհետև՝ մինչև 1958թ., Երևանի հեռակա պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի ամբիոնի դասախոս: 1958թ. նա կրկին տեղափոխվել է ԵՊՀ և 1969-ին ընտրվել հայոց լեզվի ամբիոնի վարիչ: 1977-1985թթ. եղել է բանասիրության ֆակուլտետի դեկան, 1985-1990թթ.` հայոց լեզվի պատմության ամբիոնի հիմնադիր-վարիչ:

Հովհաննես Բարսեղյանը հեղինակ է մի քանի տասնյակ գիտական հոդվածների, ավելի քան 20 մենագրության, այդ թվում` «Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն» (Երևան, 1953), «Մանուկ Աբեղյանի հինգ հոլովի տեսությունը և նրա հին ու նոր քննադատությունները» (Երևան, 1967), «Հայերենի խոսքի մասերի տարբերակման տեսությունները» (Երևան, 1975), «Հայերենի խոսքի մասերի ուսմունքը» (Երևան, 1980): Սկսած 1964թ.նրա խմբագրությամբ, լրացումներով ու մեկնություններով պարբերաբար լույս է տեսնում «Տերմինաբանական ուղեցույցը» (վերջինը՝ Երևան, 2006):

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Թանկյան. Արցախում ապրող մարդիկ արժանի են խաղաղության ‘
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը. Հաղորդում են 71 զոհված հայ զինծառայողների մասին’