‘Մահացել է Գեղամ Գրիգորյանը’

2129

Մահացել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը:

Կենսագրություն

Գեղամ Գրիգորյանը ծնվել է 1951 թվականի հունվարի 29-ին, Երևանում։

Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանը։ Գրիգորյանն առաջին անգամ մեծ բեմում հանդես է եկել 1971 թվականին, 20 տարեկան հասակում, 1972 թվականին մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին։

1975 թվականին կայացավ նրա դեբյուտը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով, Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» օպերայում։ Դրան հետևում են Սարոն (Արմեն Տիգրանյանի «Անուշ»), Տիրիթը (Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ»), Սայաթ Նովա (Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ Նովա»), Կոմս Ալմավիվա (Ռոսսինի «Սևիլյան սափրիչ»), Ֆաուստ (Գունոյի «Ֆաուստ»)։ 1970-ականներին Գրիգորյանը հայտնի մեներգիչ է եղել ողջ Խորհրդային Միությունում։

1978 թվականին մասնակցել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի Գեղարվեստական կատարելագործման դպրոցի մրցույթին (Scuola di Perfizionamento Artistico) և ընդգրկվել այն չորս երգիչների կազմի մեջ, ովքեր հրավիրվել են աշխատանքային պրակտիկա անցնել «Լա Սկալա»-ում։

Գրիգորյանը երգել է աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում.  

«Լոնդոնի թագավորական օպերային թատրոն» (Covent Garden) (Մազեպա, Եվգենի Օնեգին), Մետրոպոլիտեն օպերա («Պիկովայա Դամա», «Աիդա», «Պատերազմ և խաղաղություն», «Պարահանդես-Դիմակահանդես», «Արքայազն Իգոր», «Գեղջկական պատիվ», «Տոսկա»), Լա Սկալա (Մադամ Բաթերֆլայ, «Ճակատգրի ուժը», «Բորիս Գոդունով», «Խովանշինա», «Պիկովայա Դամա», «Պատերազմ և խաղաղություն») Տեատրո Կոլոն («Ֆեդորա», «Պայացներ», «Թիկնոց»), Teatro dell’Opera di Roma («Նորմա», «Աիդա» և այլն ), Berlin Konzerthaus («Արքայազն Իգոր»): Գրիգորյանը երգել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Փարիզում, Վիեննայում, Մյունխենում, Բեռլինում , Ամստերդամում, Մոնտե Կարլոյում, Ջենովայում, Ֆլորենցիայում և այլն։

1990-ական թվականից Գեղամ Գրիգորյանը մշտապես հրավիրվում է մասնակցելու տարբեր միջազգային հեղինակավոր փառատոնների՝ Choregies d’Orange (Օրանժ, Ֆրանսիա), Summer Opera season at the Baths of Caracalla(Teatro Dell’Opera) (Հռոմ, Իտալիա), Ravenna Festival (Ռավենա, Իտալիա), Savonlinna Opera Festival (Սավոնլինա, Ֆինլանդիա), Festival Del Maggio Musicale Fiorentino (Ֆլորենցիա, Իտալիա), Puccini Festival (Տորե դել Լագո, Իտալիա), Salzburg Festiva (Գերմանիա) և այլն։ 1989-96թթ եղել է Tours Festival-ի (Ֆրանսիա) գեղարվեստական ղեկավարության կազմում։

Գրիգորյանը երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը («Ռիգոլետո»՝ 208 ներկայացում, «Աիդա» 70 ներկայացում):

Ընդամենը տաս տարվա արտերկրյա ակտիվ հյուրախաղային գործունեության արդյունքում Գեղամ Գրիգորյանը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը ։

2000 թվականին հրավիրվել է Ալ. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Այս պաշտոնում թատրոնը ղեկավարել է մինչ 2007 թվականը։ Այդ տարիներին թատրոնում Գրիգորյանը որպես ռեժիսոր բեմադրել է Վերդիի «Տրավիատան», հայ կոմպոզիտորների օպերաներ՝ Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Չուխաջյանի «Արշակ Բ»: Իր ղեկավարման ժամանակ հրավիրյալ ռեժիսորների կողմից թատրոնում բեմադրվել են «Կարմեն», «Նորմա», «Ալեկո», «Դոն Ժուան» օպերաները։ Համերգային կատարմամբ ներկայացվել են օպերաներ՝ Չայկովսկի «Իոլանտա», Մոցարտ «Կախարդական սրինգ» և Վիվալդի «Տիգրան Մեծ»: Բեմականացվել են բալետներ՝ Արամ Խաչատրյանի «Գայանե», «Հավերժություն», Մավիսակալյան-Ճգնավորյան «Սուրբ Հռիփսիմե և Տրդատ», Շչեդրինի «Կարմեն սյուիտ»:

2015 թվականից վերադարձել է Ալեքսանրդ Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ որպես գեղարվեստական ղեկավար։

 

 

Նախորդ հոդվածը‘Twitter-ը 10 տարեկան է’
Հաջորդ հոդվածը‘Մհեր Արշակյան. Որտե՞ղ է մյուս եղբայրդ. (Սիվիլնեթ)’