‘Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը ‘

1094

Վախճանվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արաքսի Սարյանը:

«Արաքսի Սարյանը մեր երաժշտագիտության խոշորագույն դեմքերից է, ականավոր անհատականություն, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ Արծրունի Հարությունյանի դուստրը, ականավոր ճարտարապետ Վարազդատ Հարությունյանի զարմուհին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ղազարոս Սարյանի կինը, մեր կոնսերվատորիայի սյուներից մեկը: Ցավում եմ, ափսոսում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Մութաֆյանը: 

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Արաքսի Սարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Արաքսի Սարյանը ծնվել է 1937 թվականին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1955 թվականին ավարտել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 1961թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիանի պատմա-թեորետիկ բաժինը: Աշխատել է որպես մանկավարժ՝ երաժշտական դպրոցներում, խմբագիր՝ ռադիոյում, իսկ 1965թ.-ից Հնագիտության և ազգագրության ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: 1969թ.-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 

Սարյանը հայկական երաժշտությանը նվիրված բազմաթիվ ուսումնասիրությունների, հոդվածների և հեռուստահաղորդումների հեղինակ է:

Սեպտեմբերի 27-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում «Կոմիտաս վարդապետ» փառատոնի շրջանակներում արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արաքսի Սարյանը պետք է հանդես գար «Կոմիտասի կյանքը և գործունեությունը» թեմայով զեկուցումով, սակայն հանկարծահաս մահը խլեց նրան արվեստասեր հասարկությունից։

Նախորդ հոդվածը‘Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով’
Հաջորդ հոդվածը‘Մացարի. «Ինտերը» պետք է շարունակի աճել’