‘Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ‘

840

Կյանքի 59-րդ տարում քաղցկեղից մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավսեը: Չավեսը, որը մի քանի վիրահատություններ է տարել Կուբայում, փետրվարին մայրաքաղաք Կարակաս վերադառնալուց հետո չի երեւացել հանրային վայրերում:

Չավեսի մահվանից հետո նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն, ով էլ ի դեպ, հեռուստաեթերով վենեսուելացիներին գուժել է Չավեսի մահը:

Իշխանությունների որոշմամբ, Չավեսին հողին կհանձնեն այս ուրբաթ, իսկ մինչ այդ վենեսուելացիներին հնարավորություն կտան հրաժեշտ տալ նախագահին: Վենեսուելայում յոթօրյա սուգ է հայտարարված:

Ուգո Չավեսը նախագահի պաշտոնում էր վերընտրվել 2012 թվականի հոկտեմբերին: Այս տարվա հունվարի 10-ին պետք է կայանար վերջինիս երդմնակալության արարողությունը, սակայն, երկրի Գերագույն դատարանը վճռել էր, որ արարողությունը կարող է հետաձգվել:

Փոխնախագահ Մադուրոն երեքշաբթի օրը ունեցած հեռուստաելույթում մեղադրել է «արտաքին եւ ներքին թշնամիներին» եւ առաջին հերթին ԱՄՆ-ին` վենեսուելական ժողովրդավարությունը կասեցնելու փորձ անելու համար: Մադուրոն հայտարարել է, որ նախագահ Չավեսի հիվանդությունը թշնամիների ինտրիգների արդյունք է եւ պահանջել է հետաքննություն անցկացնել: Վաշինգտոնն այդ մեղադրանքները աբսուրդ է անվանել:

Մադուրոն մեղադրել է ԱՄՆ ռազմա-օդային ատտաշե Դեյվիդ Դելմոնկոյին ու եւս մեկ ամերիկացի դիվանագետի լրտեսության մեջ եւ հայտարարել, որ 24 ժամ է տալիս վերջիններիս Վենեսուելան լքելու համար:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Աքրամ Այլիսլի. «Քարե Երազներ». Գլուխ 1, մաս`1-8’
Հաջորդ հոդվածը‘Հարութ Սասունյան. Առավելագույնի հասցնել հայկական հնարավորությունները` հիմնական մարտահրավերները հաղթահարելու համար’