‘Մահացել է «Քաղաքացիական ազատությունների և իրավունքների աննկուն մարտիկը»՝ Վալերիա Նովոդվորսկայան’

971

Շաբաթ՝ հուլիսի 12-ին, 64 տարեկան հասակում, կյանքից հեռացել է խորհրդային այլախոհ, քաղաքական գործիչ և հրապարակախոս Վալերիա Նովոդվորսկայան:

Московский комсомолец-ը մեջբերում է  Նովոդվորսկայայի մահվան առիթով արձագանքները սոցիալական ցանցերում: «Քաղաքացիական պլատֆորմի» ղեկավար Իրինա Պրոխորովան նրան անվանում է «քաղաքացիական իրավունքների և ազատությունների աննկուն մարտիկ», ով արժանի է ամենաջերմ խոսքերի և ամենախորը հարգանքի:

 «Նա Դոն Կիխոտ էր՝ ազատության, դեմոկրատիայի, համամարդկայաին արժեքների համար մղվող պայքարում»,- համոզված է մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը:

«Իմ ճանաչած ամենաուղղամիտ և անկեղծ մարդը,- գրել է Միխայիլ Խոդորկովսկին: — Նա այրում էր ինքն իրեն՝  փրկելով մեզ: Ես նույնիսկ չհասցրի բանտից հետո տեսնել նրան»:

«Նա սոսկալի կյանք է ապրել: Երեք անգամ դատել են, երկու անգամ նստել է ԿԳԲ-ի «Լեֆորտովոյում», երկու տարի անցկացրել Կազանի «հատուկ հոգեբուժարանում», 17 վարչական կալանք է կրել… Նա այնպիսի կյանք է ապրել, որը մեր Հայրենիքում բաժին է ընկնում այն մարդուն, ով պայքարում է վարչակարգի դեմ»,- ասում է Новое Время-ի գլխավոր խմբագիր Եվգենյա Ալբացը:

«Նովոդվորսկայան ուժեղ ու վառ ԱՆՀԱՏ էր, այդ կինը կարող էր բութ եւ ամեն նենգության ընդունակ, հզոր ու վտանգավոր ուժի դեմ կանգնել ու ասել` ինչ մտածում է` նախապես իմանալով, որ մեն-մենակ է մնալու մեծամասնության դեմ հանդիման, եւ  ընդդիմադիրների սով ապրող Ռուսաստանում մեկ ընդդիմադիր անհատականություն պակասեց, ու նրա դատարկ տեղը ոչ ոք չի զբաղեցնելու»,- Facebook-յան իր էջում գրառել է օգտատեր Լիզա Ճաղարյանը:

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Նույնը չի՞. չէ՛, նույնը չի՛ ‘
Հաջորդ հոդվածը‘Վարչապետի խորհրդական. Գալուստ Սահակյանը էս համարները տվել ա, որ ես ֆռֆռամ’