‘Մահացել է Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը’

985

Մահացել է Մելբուռնի Օլիմպիական խաղերի չեմպիոն բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, 2013թ. փետրվարի 1-ի առավոտյան Լոս Անջելես քաղաքում 81 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Մելբուռնի օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի եռակի և ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Վլադիմիր Նիկոլայի Ենգիբարյանը: Նա ծնվել է 1932 թ. ապրիլի 24-ին` Երևանում: 1959 թ. հիմնադրել է Երևանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև 1995 թ., երբ բնակության տեղափոխվեց ԱՄՆ: 

Վլադիմիր Ենգիբարյանը արժանացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչման, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի անդամի, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, ՀՀ վաստակավոր մարզչի  և վաստակավոր գործչի, ՀԱՕԿ-ի ոսկե շքանշանի: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը Վլադիմիր Ենգիբարյանին շնորհել են (2009 թ.) Հայաստանի և Արցախի բարձրագույն պարգևներ:

2012 թ. ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Երևան հրավիրվեց կաշվե ձեռնոցի փառահեղ վարպետը: Նրա 80-ամյակին նվիրված տոնական արարողությունը  շուքով նշվեց և բացի այդ, բռնցքամարտի դպրոցը անվանակոչվեց հիմնադրի` Վլադիմիր Ենգիբարյանի անունով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն փետրվարի 3-ին` ժամը 14-ին, հոգեհանգստյան արարողություն է կազմակերպելու Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը նախատեսված է ԱՄՆ-ում:

Նախորդ հոդվածը‘Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ հզոր պայթյուն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘Հայրիկյանը դեռ չի որոշել՝ հետաձգե՞լ նախագահական ընտրությունները, թե՞ ոչ ‘