‘Մահվան նոր դեպք բոտուլիզմից’

974

Փետրվարի 20-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մահվան ևս մեկ ելք է ունեցել: Սննդային թունավորման պատճառը փետրվարի 18-ին տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր: Պահածոյաղված կարմիր պղպեղը կերել էին ընտանիքի 4 անդամներ՝ մայրը և երեք դուստրերը: Հենց հաջորդ օրը նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում: Բոլոր 4 հիվանդները հոսպիտալացվել են և ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին, 92-ամյա մոր և 70-ամյա դստեր կյանքը չի հաջողվել փրկել: Նշենք, որ մայրը մահացել է փետրվարի 21-ին։

Բոտուլիզմի հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում

Մարտի 10-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի նոր դեպք` 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մորաքրոջ 2 երեխաների և հարևանի հետ (4 հոգով) մարտի 9-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված լոբու պահածո: Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, դժվարացած շնչառություն, կլման ակտի խանգարում: Հիվանդը մարտի 10-ի գիշերը ժամը 2-ին դիմել է Աբովյանի ԲԿ, որտեղից էլ գիշերը ժամը 3-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

«Արմենիա» ՀԲԿ-ում հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, նկատվում է դրական դինամիկա, բուժումը շարունակվում է:

Լոբու պահածո օգտագործած մյուս երեք անձանց մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ չկան:

Նախորդ հոդվածը‘Բարաք Օբաման մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները’
Հաջորդ հոդվածը‘Տարօրինակ դատավճիռ. ֆրանսահայը մեղավոր է ճանաչվում Ցեղասպանությունը ժխտող թուրքին անարգելու համար’