‘Մամուլը՝ ֆինանսական դաշտում ստեղծված վիճակի մասին’

1531

Մամուլն անդրադառնում է ֆինանսական շուկայում տեղի ունեցող իրավիճակին: «Ժամանակը» գրում է.

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի տնտեսությունում, առաջին հերթին ֆինանսական դաշտում, այլևս դժվար է որևէ կերպ ենթարկել ռացիոնալ բացատրության: Ռացիոնալն այս դեպքում մեկն է՝ Հայաստանի տնտեսությունը գահավիժում է, կամ ավելի ճիշտ՝ Հայաստանի տնտեսությունն իր հետ ցած է քաշում դեպի անդունդ Ռուսաստանի գահավիժող տնտեսությունը: Ողջ խնդիրն այն է, թե ինչքանով են Հայաստանի իշխանությունները տիրապետում այս գահավիժմանը, այսինքն՝ նրանք ինչ-որ առումով այս գահավիժման արագությունը վերահսկո՞ւմ են կամ քիչ թե շատ որևէ ազդեցություն ունե՞ն այդ գահավիժման վրա, թե ոչ:

Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ազդեցություն բացարձակ չկա, և Հայաստանի իշխանությունները պարզապես սպասում են, թե երբ է իրենց ճանապարհին հայտնվելու մի որևէ ճյուղ, որից հնարավոր կլինի բռնվել և կանխել գահավիժումը: Սակայն պրոբլեմն այն է, որ Հայաստանն ինքը չէ, որ գահավիժում է, այլ ցած է գլորվում Ռուսաստանի ծանրությունից՝ Ռուսասանն է քաշում իր ողջ ծանրությամբ: Եւ սա նշանակում է, որ ճյուղերն այլևս չեն կարող փրկել, քանի դեռ Հայաստանը չի անջատվել գահավիժող հսկայական, ահռլի մարմնից։

Այս պայմաններում անխուսափելի պետք է դառնա կառավարման համակարգի երեք կառույցների պաշտոնավարման նպատակահարմարության հարցը՝ կամ հանրապետության նախագահի, կամ կառավարության և վարչապետի, կամ կենտրոնական բանկի նախագահի։ Հստակ է, որ տնտեսական իրավիճակի պատասխանատվությունը գտնվում է այս տիրույթում, ավելի շուտ գտնվում է կառավարության և ԿԲ տիրույթում, սակայն եթե Սերժ Սարգսյանն այս ամենից հետո չի անդրադառնում պատասխանատուների խնդրին, ապա ըստ էության պատասխանատվությունը վերցնում է իր վրա»։

Հրապարակը գրում է. Բանկային համակարգի աշխատողներից մեկը «կոնֆիդենցիալ» տեղեկություն հաղորդեց. օրեր առաջ, երբ դոլարը դեռևս չէր հատել 430-ի սահմանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը մեծ քանակով դրամ է փորձել վերածել դոլարի և արտարժույթը ցանկացել է գնել իրենց բանկից: Եվ չնայած բանկի ղեկավարությունը փորձել է վաճառք չիրականացնել, մանավանդ այդ օրերին հենց Կենտրոնական բանկն էր արգելում դոլար վաճառելը, սակայն սույն անձը ճնշումներ է գործադրել ԿԲ-ի վրա և ստացել իր ուզած քանակի դոլարը: Մենք հետաքրքրվեցինք, թե ում մասին է խոսքը: «Այն անձի, ով պատասխանատու է երկրի տնտեսության համար և, թվում է՝ այս օրերին միայն պետական գանձարանի մասին պետք է մտածեր»:

168 ժամը գրում է. Ընթացիկ շաբաթը բավականին տխուր սկսվեց հայկական դրամի համար: Դրամը շեշտակի արժեզրկվեց բոլոր արժույթների նկատմամբ: Առևտրային բանկերը 1 դոլարը երեկ երեկոյան վաճառում էին միջինը 501-502 դրամով, որոշ բանկեր՝ 505-510 դրամով: ՀՀ Կենտրոնական բանկն էլ միանգամից 24 դրամով թանկացրեց իր կողմից վաճառվող դոլարի գինը. ԿԲ-ն երեկ վաճառել է 4 միլիոն դոլար՝ 494.46 դրամ միջին կշռված փոխարժեքով (ուրբաթ օրը ԿԲ-ն վաճառել էր 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ 470.22 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով): Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով:

 

Դոլարը 500 դրամ արժեր 2004 թվականի վերջին: Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր՝ արժեզրկվում: Շատերը զուգահեռներ են անցկացնում 2009 թվականի մարտին արձանագրված դրամի արժեզրկման հետ: Հիշեցնենք, որ այդ ժամանակ ԱՄՆ դոլարի գինը մեկ օրվա մեջ 305 դրամից հասավ 370 դրամի: Այս անգամ օրական կտրվածքով նման շեշտակի տատանում չեղավ: Սակայն իրավիճակն առավել մտահոգիչ է: Բանն այն է, որ 2009 թվականին փոխարժեքը պարզապես ճշգրտվեց և կայունացավ: Իսկ այսօր գործ ունենք շարունակական ու անկանխատեսելի գործընթացի հետ, որին գումարվում են նաև սպասումներն ու խուճապը»,–գրում է թերթը։

«ՀԺ»-ն գրում է. ՀՀ ԿԲ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերն իրենց հաճախորդներին վաճառել են ընդհանուր առմամբ մոտ 124 մլն դոլար՝ միջինը 459 դրամ 23 լումայով: Սա չափազանց տարօրինակ է: Խնդիրն այն է, որ այդ նույն բանկերը այս նույն շաբաթվա   ընթացքում ԿԲ-ից աճուրդով դոլար են գնել միջինը 462 դրամով: Ստացվում է՝ բանկերը թանկ գնով դոլար են առնում ԿԲ-ից ու էժան վաճառում են իրենց հաճախորդներին: Շատ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ հաճախորդներ են, որոնք հաջողացնում են այս խառը օրերին էժան դոլար առնել բանկերից: Ըստ ՀՀ-ում գործող օրենսդրության՝ ԿԲ-ն ունի բոլոր այն անձանց տվյալները, ովքեր դոլար են գնում բանկերից, գիտի նաև՝ որքան և ինչ գնով: Ունի, բայց կարծես թե այնքան էլ չի հետաքրքրվում, թե ովքեր են նրանք: Իսկ գուցե էժան գնով դոլար գնած այդ անձանց անունները հրապարակելու դեպքում պարզվի՞, թե ինչու է մեևր դրամը լողալու փոխարեն այսպես ցատկոտում»։

Նախորդ հոդվածը‘Մանուել Նոյեր. ««Շախտյորը» մեզ համար ամբողջովին անծանոթ մրցակից է»’
Հաջորդ հոդվածը‘Զինեդին Զիդանի «Երազանքների թիմը»’