‘Մամուլի անդրադարձը Զորի Բալայանի նամակին’

1260

Մամուլը շարունակում է անդրադառնալ Զորի Բալայանի նամակին, որն ուղղված էր ՌԴ նախագահ Վ.Պուտինին:

Այսպես, «Ու՞մ շահն է սպասարկում Զորի Բալայանը» վերտառությամբ հոդվածում «Ժողովուրդը» գրում է, որ օրաթերթի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է գրող, հրապարակախոս Զորի Բալայանը անցած հինգշաբթի օրը՝ կառավարության նիստից անմիջապես հետ, մտել կառավարության շենք: Եվ ահա դրանից մի քանի օր անց Բալայանը հրապարակել է իր հայտնի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով վերադառնալ Գյուլիստանի պայմանագրին և Ղարաբաղն ընդգրկել Ռուսաստանի կազմում: Բացի այդ, «Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Բալայանը հաճախ է լինում Սերժ և Տիգրան Սարգսյանների մերձավոր օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի «ակումբում», որտեղ, բացի ժամանցից, ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները երկրին առնչվող կարևորագույն հարցեր են քննարկում ու որոշում:

«Իսկ թե ինչ էր Բալայանը «կորցրել» կառավարությունում, արդեն երկու օր է՝«Ժողովուրդ»–ին չի հաջողվում պարզել, քանի որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը, սովորության համաձայն, մեր հեռախոսազանգերին և հաղորդագրություններին չի պատասխանում»,-հավելում է թերթը:

Իր հերթին «ՀԺ»-ն գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչու­թյունից երեկ թերթին հայտնել են, որ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաս­ցեագրված նամակը ստա­ցել են և ուղարկել համապատասխան վարչություն:

Թերթի թղթակցի հարցին, թե որն է պաշտոնական Մոսկվայի արձագանքն այդ նամակի բովանդակու­թյան վերաբերյալ, Կրեմլի լրատվական վարչությու­նից խոստացել են պատասխանել այսօր: 

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում քննարկել են հայ-վրացական սահմանի անցակետերի համատեղ կառավարման նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Վիլնյուսում՝ ընդամենը 1,5 էջանոց հռչակագիր. Մամուլ’